Շատ ասելիք կա՝ վերջին դեպքերի և դրան հաջորդող զարգացումների հետ կապված: Փորձեմ հնարավորինս հակիրճ և առանձին կետերով ձևակերպել իմ մոտեցումները:
1. Անկախ քաղաքական ուժի, տվյալ դեպքում` նախախորհրդարանի գաղափարներից և գործելաոճից (ինքս դրանք չեմ ընդունում)՝ նրանց ավտոերթի արգելումը և հատկապես ծեծն ու ջարդը հանցագործություն է, և եթե գոյություն ունի պետություն, ու այնտեղ էլ կա իշխանություն, այդ ծեծ ու ջարդի, այդ թշնամական բարբարոսությունների կազմակերպիչներն ու իրագործողները պետք է պատժվեն օրենքով (իհարկե, ես նման հույսեր չունեմ, որովհետև «օրենքն» է հենց կազմակերպիչն ու իրագործողը):
2. Ցեղասպանության թեման ու ՀՀ ապօրինի ու հանցագործ իշխանություններին ռեժիմը տապալելու գործընթացը ոչ մի կերպ չեմ կարողանում իրար կապել: Լավ, իրար են կապել երկու կապ չունեցող բաներ, դեռ մի կերպ անտեսենք, բայց, մեղմ ասած, անընդունելի է ապրիլի 24-ին իշխանափոխության փորձ անելը կամ այդ օրն անել որոշակի լուրջ գործողություններ: Խոսքը 2015 թվականի մասին չէ, խոսքը մեկ կամ երկու ամսի մասին չէ, խոսքը մեկ օրվա մասին է` 24 ժամվա: Այդ օրն ինձ համար հարգանքի ու հիշատակի օր է: Տարին ունի 365 օր, ու մինչ ապրիլի 24-ը դեռ ահագին կա, դրանից հետո էլ կյանքը շարունակվելու է, և եթե կա բավարար ամեն բան իշխանափոխության համար` հստակ ծրագիր, ներուժ և ռեսուրս, դա կարելի է անել և պետք է անել կամ մինչ այդ օրը, կամ դրանից հետո: Իսկ եթե չկա դրանցից ոչ մեկ, և այդ «չկա»-ները լրացնելու կարիք կա, և դրա համար պետք է «դրսի»` ամբողջ աշխարհի մոտ աղմուկ բարձրացնել, այսպես ասած, շուխուռ անել, դա ինձ համար քաղաքական միավորներ հավաքելու, ինքնահաստատվելու կամ ինքնագովազդի կեղտոտ քայլ է և ոչ մի դեպքում իշխանափոխություն չէ: Եթե ինձ հետ կապված հարց կա, այդ հարցը լուծելու համար բոլորովին հարմար տեղ ու ժամանակ չէ տատիս թաղման օրը գերեզմանոցում: Դե էլ չեմ անդրադառնում այն ցինիկ երևույթներին, որ այսպիսի միտք արտահայտողներին ասում են, թե մարդիկ ասում են՝ մի խանգարեք, թողեք տոնենք ցեղասպանության օրը, երևի իրենց համար քեֆ է այդ օրը:
3. Դեպի Արցախ ավտոերթը համարվում է կոպիտ սխալ: Խնդիրն այն չէ, որ սահմանին կրակում են, Տավուշի մասում էլ են սահմանին կրակում: Խնդիրը մի քանի կողմ ունի: Ղարաբաղյան հիմախնդիրը ներքաղաքական հարց չէ և դրա լուծումը ՀՀ-ում չի լինելու: Եվ այդ հարցում կան տարբեր շահեր ունեցող կողմեր: Ադրբեջանից բացի այդ հարցով իրենց համար օգուտներ են փորձում քաղել թե Ռուսաստանը, թե Եվրոպան, թե Արևմուտքը: Արցախի ներքաղաքական անկայանացումը, Արցախին ՀՀ ներքաղաքական հարցերի մեջ քաշելը միայն բացասաբար է անդրադառնալու մեզ համար դրսում այս հարցի կարգավորման համար, որովհետև ԼՂՀ իշխանությունները ՀՀ իշխանական ռեժիմի մի կցորդ են և նույն կերպ են արձագանքելու, երբ ռեժիմին վտանգ սպառնա: Այնպես որ ռեժիմը պետք է տապալել հայտնի հասցեում` ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 26: Ավելի պարզ պատկերացնելու համար մի պահ պատկերացրեք «Մարտի մեկ» Արցախում, և դրա տակից հետո դուրս չի գա արդեն հնարավոր նորմալ իշխանությունը, որը կփոխարինի այս ռեժիմին: Այդ դեպքում Ադրբեջանը նույնիսկ կունենա հիմնավորում նոր պատերազմ սկսելու համար, իսկ գերտերությունները՝ հրաշալի առիթ առավելագույն ձևով իրենց ցանկալի ճնշումները գործադրելու՝ առանց այդ էլ դրսում ամենաողորմելի կերպով ներկայացող մեր իշխանությունների վրա: Ուրիշ հարց է, որ մեզ վախեցնում են Արցախը կորցնելով, երբ թեժանում է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, դա արդեն ռեժիմի սովորական դարձած շանտաժն է, որին իհարկե հավատալ պետք չէ:
4. Ինձ համար Արցախը Հայաստանն է, չնայած այս պահին իրավական մասով կա ԼՂՀ և ՀՀ: Ոչ մի կերպ չեմ ընդունում տարանջատումը հայաստանցու ու ղարաբաղցու: Ինձ համար նույնչափ հավասար հայեր են Երևանում, Արցախում, Գյումրիում, Վանաձորում, Ապարանում կամ Կապանում ապրող հայերը: Եվ այդ տարանջատումը եթե պահի ազդեցության տակ բարկության կամ միամտության հետևանք չէ, ապա բացահայտ թշնամանք է հայ ժողովրդի նկատմամբ: Պետք է լինել միասնական և տապալել երկիրը թալանող, երկիրն ավիրող ռեժիմը որքան հնարավոր է շուտ և որքան հնարավոր է փոքր կորուստներով:
5. Եվ, անկասկած, ամենակարևոր հայաստանյան հարցը կա ու մնում է ներկա ռեժիմի տապալումը և նոր, օրինական ու ընտրված իշխանության ձևավորումը: Ուղղակի ոչ մի դեպքում պետք չէ մտածել, որ եթե դու պայքարում ես ռեժիմի դեմ, ուրեմն դու սուրբ ես, կամ քո ամեն քայլը պետք է ընդունելի լինի կամ էլ պետք է քո ամեն մտքի հետ համաձայնվել: Համարյա որ թիմին կամ անհատին նայում ես, իրեն համարում է միակ արդարը, միակ ընդդիմադիրը, միակ ճշմարիտը, իսկ մյուսները կամ նախագահականում են աշխատում, կամ էլ այս կամ այն երկրի գործակալներ են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/711454398952739?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել