Անհանդուրժելի եմ համարում բերձորյան խայտառակության մասնակիցներին տարբեր պիտակներ կպցնելը: Չեմ ընդունում նաև ԼՂՀ Նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի՝ Իգոր Մուրադյանին տրված գնահատականը: Իգոր Մուրադյանն աչքիս լույսը չէ, մեկ այլ առիթով ինքս կարող էի ամենադաժան բաներն ասել, քննադատել նրա ուղղորդված քաղաքական վերլուծությունները: Սակայն հիմա չեմ քննարկում այդ ամենը:
Իգոր Մուրադյանը հրաժարվել է ԼՂՀ ԱԺ բարձրագույն պարգևից: Ու հիմա նրան գրանտակեր ու խառնակիչ են կոչում, Գաբոն քահանա են կոչում...
Ուզում եմ հարցնել Դավիթ Բաբայանին, երբ Իգոր Մուրադյանը ստանում էր պարգևը, չգիտեի՞ք, որ Գաբոն քահանա է և կամ գրանտակեր: Ինչու՞ էիք «խառնակչին» ու «գրանտակերին», «արևմտյան տերերին ծառայողին» պարգևատրում Արցախի բարձրագույն պարգևներից մեկով... Այն դեպքում, երբ Արցախի համար շատ բան արած, Արցախին մեծ ծառայություններ մատուցած շատ մարդիկ անգամ շնորհակալության չեն արժանացել: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, բազմաթիվ փաստարկումներ անել...
Ինչու՞ ակնհայտորեն ԼՂՀ-ն սկուտեղի վրա Ռուսաստանին մատուցող Զորի Բալայանին Գաբոն քահանա կամ գրանտակեր չկոչեցիք...
Պետք չէ այս ամենը, հավատացեք: Դուք պարգևատրել եք, դուք հերոսացրել, հիմա էլ թշնամի եք կոչում...
Եվ, ի վերջո, հիմա հաշիվներ մաքրելու ժամանակը չէ: Պետք է խստորեն դատապարտենք բերձորյան խայտառակությունը և համախմբված առաջ գնանք:
Իսկապես կանգնած ենք շատ լուրջ մարտահրավերների առջև, վտանգավոր մարտահրավերների... Բերձորյան խայտառակությունը կարող է ԼՂՀ-ում ռուսական ռազմաբազա տեղակայելու առաջին քայլը համարվել: Այսինքն՝ Արցախի իրական կորստի:
Պիտի շրջահայաց լինենք և չխորացնենք ատելությունը:
Ընդամենը պետք է ջնջենք ամեն մի սահման Հայաստանի և Արցախի միջև և միասնականորեն պայքարենք հանուն Հայաստանի ինքնիշխանության պահպանման, հանուն Արցախի ազատ գոյության:
Ուրիշ խնդիր չունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել