Այսօր մենք նորից ալեկոծված ենք հայկական զորամասում կուրսանտի սպանության կապակցությամբ, որը տեղի է ունեցել այսպես ասած ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով: Բոլորս գիտենք, որ այդ հարաբերությունները քաղաքացիական կյանքից են բանակ տեղափոխվում: Բանակում տղաների մի խումբ է ձևավորվում, կապ չունի՝ որ զորամասում էլ որ լինի, որոնք առաջնորդվում են իմ դեմ կամ մեր դեմ խաղ չկա սկզբունքով: Այդ թայֆայությունը, որի «հայրը» եղել է ԽՍՀՄ համար 1 դահիճ Ստալինը, խորը արմատներ է գցել մասնավորապես Հայաստանում: Թաղերի, թաղամասերի միջև անվերջ, անիմաստ բախումները, ընդ որում չնչին պատճառներով, առիթներով, բարոյազուրկ և դատարկ երիտասարդների մի ոհմակ է բազմացնում: Միայն Երևանի օրինակով թվենք մի քանի թաղամասերի անուններ (Սարի թաղ, Կրիվոյ, Շիլաչի, Երրորդ մաս, Նոր Նորքի զանգվածներ, Նոր Արեշ, Էրեբունի......), որտեղ օրվա տարբեր ժամերին 5-7 որոշ տեղեր, մի գուցե ավելի թվով 15-17 տարեկան տղաներ են պարզապես թրև գալիս, «խաղաղության», ծխախոտը ձեռքներին, անիմաստ խոսակցություններով ու հռհռոցով պարզապես նողկանք են առաջացնում: Նրանց մի մասը գուցե ընդգրկված են կրթօջախներում, բայց ահա ինչպիսին է նրանց վարքագիծը կամ ուսումնառությունը՝ միայն Աստծուն է հայտնի: Մինչև թայֆայությանը վերջ չտրվի, մենք բանակում լինի, թե քաղաքացիական կյանքում (հիշենք Վահե Ավետյանի ողբերգական դեպքը «Հարսնաքար» ռեստորանում), ունենալու ենք անցանկալի կորուստներ: Պետք է համահայկական շարժում սկսել այդ սոցիալական ախտի դեմ, մենք մի «բուռ» ազգ ենք և չենք կարող թույլ տալ այսքան որդեկորույս ծնող ունենալ ազգություն չունեցող ստահակների պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել