«Երրորդ համաշխարհային պատերազմն ընթանում է»Irates.am-ը գրում է․

Այսօր ողջ աշխարհը եռման կաթսա է դարձել: Գերտերությունների շահերի բախումը տարբեր երկրներում նոր պատերազմներ է «ծնում» և հազարավոր անմեղ մարդկանց մահվան պատճառ դառնում: Արևմուտքի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սուր դիմակայություն է սկսվել, որը լավ բանի չի հանգեցնելու: Դրա լավագույն օրինակը ՈՒկրաինայում կատարվող իրադարձություններն են: Ռուսաստանի և ԱՄՆ-ի ծայրաստիճան լարված հարաբերությունները երրորդ համաշխարհային պատերազմի չե՞ն հանգեցնի, այս հարցով սկսեցինք զրույցը քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻհետ:

 -Գոյություն ունեցող աշխարհակարգը խոր ճգնաժամի մեջ է,- ասաց պարոն Մանուչարյանը:- Սրա կատարյալ ձևը, որն անվանում են սպառողական հասարակարգ, ձևավորվեց վերջին 50-60 տարում: Առաջին ապստամբությունները հասարակարգի դեմ Արևմուտքում տեղի ունեցան 60-70-ականներին երիտասարդների միջոցով, որոնք չէին ցանկանում գնալ այդ ուղիով: Հիմա ունենք այն Արևմուտքը, որն արտաքինից փորձում է ավելի մարդկային երևալ, ազատությունների պաշտպան, մինչդեռ էությունը, որի դեմ ապստամբում էին, պահպանվեց, այսինքն՝ սպառողական հասարակություն, որի պարագայում ավելի ու ավելի շատ հարստություն պիտի կուտակել, հաճույքներ ստանալ: Իրավիճակը ձևակերպեմ ժամանակին նրանց լիդերներից մեկի` Կոն Բենդիկտի, որն այսօր դարձել է ԵԽ պատգամավոր ու այդ աշխարհի մասը, խոսքով. «Մեր հայրերն ունեին ամառանոցներ, մեքենաներ և մարգագետիններ, ու նրանք իրար խաբում էին, սպանում էին, որպեսզի ունենան ավելի մեծ ամառանոցներ, ավելի մեծ մեքենաներ և ավելի մեծ մարգագետիններ: Մենք չէինք հասկանում, թե դա ինչու է պետք, մենք խելագարվում էինք»: Այդ «խելագարվելու» ընթացքում ծնվեցին Բիթլզ, հիպի, ջինս: Սա այս աշխարհակարգի քաղաքակրթական դրսևորումն է, որը փորձում են պահպանել կամ կոտրելով առաջ գնալ: Այս տեսանկյունից ապստամբներն ավելի քիչ են:

Աշխարհակարգի մյուս դրսևորումը կառավարման ձևն է, այսինքն՝ աշխարհի իրական կառավարիչներն ովքեր են: Նրանց մենք չենք էլ տեսնում, պարզապես գիտենք նրանց ֆանտաստիկ հարստության մասին: Վերջին 20-25 տարում բանը հասավ նրան, որ մարդկության 1 տոկոսն ավելի շատ փող ունի, քան 99 տոկոսը: Իրականությունը շատ ավելի ծանր է, քանի որ սա միայն հայտնի հարստությունն է: «Անհայտ» հարուստներն էապես, հարյուր, հազար անգամ ավելի հարուստ են, քան այս մի տոկոսը: Նրանք ստեղծում են կեղծ, պղպջակ համակարգեր` ֆինանսական, բանկային, որտեղ թաքնված է անսահման հարստություն: Նրանք կարող են տապալել պետություններ, ջախջախել ինչ ասես, կազմակերպել պատերազմներ, ընդհարումներ: Աշխարհի այն օլիգարխների, որոնց մենք գիտենք, հարստությունը 100 մլրդ դոլարի չի հասնում, այնինչ «անհայտ» հարուստների գումարներն անցնում են տասնյակ տրիլիոններից, որոնք իրենց ձեռքում են կուտակել նաև հսկայական իշխանություն: Որպեսզի և հարստությունը, և իշխանությունը չկորցնեն, նրանք ամեն ինչ անում են այս աշխարհակարգը պահպանելու համար: Արևմուտքի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող «կռիվները» երկու բանի համար են` կամ կոտրել այս աշխարհակարգը, կամ էլ փոխել խաղացողների կարգավիճակը: Այսօրվա առաջին կարգի «գործիքը» Արևմուտքը և ԱՄՆ-ն են, ոմանք համարում են, որ դա պետք է լինի Չինաստանը, մյուսները` Ռուսաստանը: Այսինքն, տրամաբանությունը հետևյալն է` փոխել ոչ թե քաղաքակրթական մոդելը, այլ գլխավոր ադմինիստրատորին: Այլ խոսքով, «հիմնարկը», դրա տերերը մնում են, բայց առաջին ադմինիստրատորին, որն այսօր ԱՄՆ-ն է, փոխել մեկ ուրիշով:

-Այսօրվա զարգացումները հուշում են, որ «գլխավոր ադմինիստրատորին» են փորձում փոխել: Այդպե՞ս է:

-Այսօրվա գործընթացները երկու ուղղությամբ են գնում: Մեկն այն է, որ դրանք կախված չեն տերերից, տիրակալներից, գաղտնի հարուստների կամքից, այսինքն՝ խորքային գործընթացներ են, օբյեկտիվ իրականություն: Բոլոր մարդիկ բախման մեջ են ստեղծված աշխարհակարգի քաղաքակրթական մոդելի պատճառով: Իմա` չգիտակցելով վերադառնում են սթափ, իսկական մարդ տեսակին: Մյուսն էլ այն է, որ մնում է նույն «տերը», որը փոխում է միայն իր նշանակած կառավարչին: Այսօր համաշխարհային էլիտաները կեղծ էլիտաներ են, որոնք սպասարկում են ոչ թե սեփական երկիրը, այլ աշխարհի տերերին և պատրաստ են իրենց ողջ երկիրն էլ վառելու նրանց հաճոյանալու համար:

-«Գլխավոր ադմինիստրատորի» փոփոխության գործընթացները պարզորոշ երևում են ուկրաինական այսօրվա զարգացումներում: Ի վերջո, այդ երկիրը կվերադառնա՞ նորմալ հուն, թե՞ դա շղթայի մի հատվածն է, որն իր շարունակությունն է ունենալու նաև այլ երկրներում:

-ՈՒկրաինան մի հարթակ է, որտեղ այդ երկու ուժերի միջև պատերազմ է տեղի ունենում: ԱՄՆ-ը փորձում է այս աշխարհակարգը պահպանել այնպես, ինչպես կա` իր գլխավոր ադմինիստրատորով: Ռուսաստանը պիտի հստակեցնի՝ ինչ պատերազմ է վարում` աշխարհակարգի՞, թե՞ ադմինիստրատորի փոփոխության: Սա դեռ հարց է: Բայց փաստն այն է, որ Ռուսաստանն աշխարհակարգի այսօրվա վիճակին մնալուն դիմադրում է: Ինչո՞ւ Ռուսաստանը հայտնվեց այս վիճակում: Վերջին 20 տարում նա փորձում էր պայմանավորվել գլխավոր ադմինիստրատորի հետ, որ իրեն երրորդ կարգի ադմինիստրատորի դերակատարում տա: Ի դեպ, ռուս ժողովուրդը, ի տարբերություն իր թալանչիների, այն քչերից է, որ որպես ամբողջություն, չընդունեց գոյություն ունեցող աշխարհակարգը: Սա խոսում է ռուսական հոգու գաղտնիքների մասին, նրանք հեշտությամբ չեն տրվում: Հիմա Ռուսաստանը բախման հիմնական լիդերն է, կարգը կոտրելու իրական հավակնորդը Չինաստանն է, որն ավելի ծանրակշիռ խաղացող է: Համակարգը որպեսզի պահպանեն, պետք է աշխարհում քաոս տարածել: Այդպես վարվեցին Լիբիայում, Մալիում, ամբողջ Հյուսիսային Աֆրիկայում: Հսկայական ֆինանսական կորուստներ, ջարդեր: ՈՒ այս ամենը չի ավարտվում, հիմա շարունակվում է իսլամի ոգեկոչման հարցը: Այս բախումները հնարավորություն են տալիս աշխարհակարգը պահպանելու: Նրանք, ովքեր փորձում են «չար» Ռուսաստանի մեջ փնտրել խնդիրները, պիտի հասկանան, որ «չար» Ռուսաստանը ՈՒկրաինայի հետ «ծնվեց», իսկ Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, երբ կատարվում էր այդ ամենը, Ռուսաստանը չկար: Նա սուսուփուս, հօգուտ ԱՄՆ-ի, ձեռքը բարձրացնում էր` փորձելով նրանցից իր կարկանդակի մի մասը ստանալ: Հիմա հիմնական բախումը տեղի է ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ ֆինանսական աշխարհում: Այսօր ստրատեգիական բախումն այն է, որ դոլարից հրաժարվում են: Ֆինանսաբանկային համակարգը հիմնական կողոպուտի համակարգն է: Չինաստանը կռվում է ինչի՞ համար, որպեսզի այդ համակարգը վերացնի՞, թե՞ կենտրոնը տեղափոխի Չինաստան: Այս հարցի պատասխանը կստանանք իրերի զարգացման ընթացքում: Հարց է նաև՝ Չինաստա՞նն է դա անում, թե՞ աշխարհի տերերը ուզում են ԱՄՆ-ից այն տեղափոխել Չինաստան: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ստեղծած վարչարարությամբ այլևս հարցեր չեն լուծվում: Այս բոլորը դեռ հարցեր են, ու պարզ չէ, թե կառավարման ղեկն ում ձեռքում կլինի: Այն աշխարհակարգը, որ պիտի գա, ոչ մեկը ցույց չի տալիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել