Ադրբեջանում հայտնի ռազմական փորձագետ, լրագրող, ժամանակին Ադրբեջանի պետական կառույցների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարության դեմ ուղղված սուր քննադատություններով աչքի ընկնող Ուզեիր Ջաֆարովը դեռևս 2013 ի հուլիսի սկզբներին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ 2007-ին Ադրբեջանի ՊՆ գնդապետներից մեկի դեմ հոդված գրելուց հետո ծեծի ենթարկվելու գործի առնչությամբ:
Եվ ահա 2015-ի հունվարի 29-ին նրա հայցը բավարարել են: Ըստ ՄԻԵԴ-ի որոշման` Ջաֆարովին մոտ 14 հազար եվրո գումար պիտի վճարեն: Մեկնաբանելով ՄԻԵԴ-ի որշումը` ռազմական փորձագետը հավելել էր, որ իրեն ծեծողներին գիտի, իսկ հրահանգ տվողների ու պատվիրողների անուններն ամեն գնով կբացահայտի:
Նկատենք, որ Ուզեիր Ջաֆարովը բավականին հակասական կերպար է ադրբեջանական պարփակված լրատվական ու տեղեկատվական դաշտի շրջանակներում: Մինչև 2013-ի հոկտեմբերը` պաշտպանության նոր նախարարի նշանակումը, Ջաֆարովն Ադրբեջանի ԶՈւ ու ՊՆ համակարգի ամենամոլի քննադատներից էր: Ընդ որում, նա վերհանում ու դաշտում քննարկման առարկա և շահարկումների առիթ էր դարձնում բանակին վերաբերող այնպիսի թեմաներ, որոնք անմիջականորեն հարվածում էին բարձրագույն հրամանատարությանը, բարձրաստիճան զինվորականներին, նախարար Սաֆար Աբիևին ու անգամ երկրի իշխանություններին: Դրա հետևանքով նրան պարբերաբար հետապնդում ու սպառնում էին: Մի խոսքով, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ Ջաֆարովն ադրբեջանական ռազմաքաղաքական տեղեկատվական դաշտի «վերջին անվախ մարտիկներից» է:
Սակայն իրադրությունը փոխվեց, երբ 2013-ի հոկտեմբերիր 22-ին` նախագահական ընտրություններից հետո, վերընտրված Իլհամ Ալիևը կտրուկ կադրային փոփոխություն կատարեց` հեռացնելով կոռուպցիոն, ինչպես և միջազգային բնույթի սկանդալներում թաթախված երկու նախարարների, այդ թվում` պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին` փոխարենը նշանակելով մարտական փորձ չունեցող ու մեծ թվով անձնակազմի հետ երբևէ չաշխատած ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովին: Ադրբեջանում սկսվեց մի իսկական քաոս. Հասանովն իր հետ բերեց կտրուկ կադրային փոփոխություններ, հաճախ` անհիմն, նոր օրենքներ, նոր չգրված կանոններ: Այս ամենը դարձավ քննարկման առարկա ադրբեջանական ամենատարբեր շրջանակներում, ինչը բնական էր: Թվում էր` այդ փոփոխությունները բացասաբար կընդունի նաև Ջաֆարովը` իր ակտիվ սոցցանցային էջերում հերթական քննադատական վերլուծությունը ներկայացնելով:
Բայց… տևական ժամանակ ՊՆ-ին ու ԶՈւ-ին քննադատող, դաշտում ակտիվ ռազմական փորձագետներից մեկն ընտրեց թերևս մեղմ ձևակերպումների զգուշավոր ելույթների ուղին: Ավելին, Ջաֆարովը խուսափում էր ոչ միայն նոր նախարարի աշխատանքի վերաբերյալ կոշտ որակավորումներ տալուց, այլև նախկին նախարար Սաֆար Աբիևի մասին խոսելուց, մինչդեռ այդ ժամանակ բոլոր իշխանամետ ու համեմատաբար անկախ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն քննադատում էին Աբիևին։ Փորձագետն իր սոցցանցային գրառումներով բավականին նուրբ ձևով և զգուշորեն փորձում էր արդարացնել նոր նախարարի քայլերը։
Հավանական է, որ նման դիրքորոշման պատճառներից մեկն էլ ՊՆ համակարգում որևէ պաշտոն ստանձնելու ցանկությունն էր, հատկապես որ այդ ժամանակ թափուր էր ՊՆ խոսնակի պաշտոնը, իսկ Ջաֆարովն ըստ էության համապատասխանում էր դրան իր որակավորումներով` ռազմական կրթություն, խմբագրի փորձ, լրատվամիջոցների հետ անհրաժեշտ կապեր: Սակայն Ջաֆարովի հույսերը չարդարացան… Խոսնակ դարձավ Վագըֆ Դարգահլըն, փորձագետին ոչ մի պաշտոն բաժին չհասավ: Դրանից հետո մի կարճատև ժամանակ Ջաֆարովը կրկին քննադատություններ տեղաց ՊՆ-ի հասցեին, ապա լռեց որոշ ընթացք ու կրկին հայտնվեց ռազմաքաղաքական տեղեկատվական դաշտում` այս անգամ արդեն ակտիվորեն մեկնաբանելով Արցախին, առաջնագծին, հայերին, ռազմական տեխնիկային վերաբերող տեղեկությունները, երբեմն էլ իր գրառումներում բողոքելով իշխող վարչակարգից: Ընդհանուր առմամբ, ՊՆ-ի քննադատից նա վերածվեց առավել լոյալ տեսակետներ հայտնող փորձագետի: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ Ջաֆարովի մոտ լինում են նաև սուր քննադատական պոռթկումներ ՊՆ-ի հասցեին, սակայն երկար չեն տևում: Այդպիսի պոռթկումները կամ ինքնաբուխ են, ինչը քիչ հավանական է, կամ էլ պարզապես ՊՆ-ում մի օղակի մյուսի դեմ պատվեր` տեղեկատվության արտահոսք դեպի մեդիա Ջաֆարովի թեթև ձեռքով:
Մի կողմից է, այնուհանդերձ, հասկանալի են Ջաֆարովի քայլերը: Վերջինս ցանկանում էր հանգիստ գոյատևել դաշտում, այլ ստիպված չլինել հեռանալ երկրից, ինչպես դա արեց ադրբեջանական բանակի հայտնի քննադատ Ջասուր Սումերինլին: Իսկ ահա մեկ այլ տեսանկյունից էլ` հայկական լրատվադաշտի ներկայացուցիչները պետք է ըմբռնեն, որ Ուզեիր Ջաֆարովն անաչառ աղբյուր չէ և վերջինիս` անգամ սուր քննադատական գրառումներն ուղիղ մեջբերուց ու հայկական դաշտ տեղափոխելուց առաջ պետք է ստուգել, վերլուծել…
Նյութի աղբյուր՝ http://www.animargaryan.org/2015/01/blog-post_30.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել