Երկու կանայք են այսօր արտացոլում Ռուսաստանում տիրող ողջ մղձավանջը` Նադեժդա Սավչենկոն և Սվետլանա Դավիդովան: Առաջինն ուկրաինուհի է, օդաչու, որը գերի է ընկել և արդեն երկու ամիս է, ինչ հացադուլ է պահում մոսկովյան բանտում: Նրան մեղադրում են «ռազմական հանցագործություններ» կատարելու համար, թեև նա ուկրաինական բանակի սպա է և առևանգվել էր ու բերվել Ռուսաստան, որը պաշտոնապես «չի վարում պատերազմ» Ուկրաինայի դեմ: Այդ դեպքում պարզ չէ, թե ինչ «ռազմական հանցագործություն» է գործել Նադեժդան՝ ծառայելով սեփական երկրի տարածքում: Սա միանշանակ նման է գերված հորդանանական օդաչուների հանդեպ «Իսլամական պետության» ջիհադիստների սադիստական վերաբերմունքին, այն տարբերությամբ, որ Նադեժդային ռազմագերի է պահում ՄԱԿ ԳԱ անդամ միջուկային տերություն, որը, կրկնեմ, ժխտում է Ուկրաինայում իր զինվորականների ներկա լինելու փաստերը: Իրավիճակն էլ ավել զավեշտական է այն պատճառով, որ Նադեժդա Սավչենկոն վերջերս ընտրվել է ոչ միայն Ուկրաինայի խորհրդարանի, այլ նաև Եվրոպական վեհաժողովի պատգամավոր և սկզբունքորեն ունի անձեռնամխելիության իրավունք: Փոխարենը, ՌԴ ներկայացուցիչները մերժել են եվրոպական կառույցներին Սավչենկոյին բանտում այցելելու խնդրանքը, այն բանից հետո, երբ ՌԴ զրկվեց քվեարկելու և խոսքի իրավունքից ԵԽԽՎ-ում հենց Ուկրաինայի զավթման պատճառով:
Մյուս կնոջ պատմությունը ոչ պակաս զավեշտական է` Սվետլանա Դավիդովան ռուս է, գավառական Վյատկա քաղաքի բնակչուհի է, ով զանգահարել էր Ուկրաինայի դեսպանատուն և զգուշացրել, որ ասեկոսներ է լսել, թե իր քաղաքում տեղակայված ռուսական բանակի ստորաբաժանումներն ուղարկվում են Ուկրաինա՝ ռազմաճակատ: Կնոջ այս քայլը բացատրվում է նրա հակապատերազմական քաղաքացիական դիրքորոշմամբ, սակայն նրա հեռախոսազանգը ձայնագրած ռուսական հատուկ ծառայությունները մեղադրում են Սվետլանային ոչ ավել ոչ պակաս քան «պետական դավաճանության ու պետական գաղտնիքը մատնելու» համար: Իրավիճակի ողջ անհեթեթությունն այն է, որ Դավիդովան ՅՈԹ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՅՐ Է...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել