«Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» խորագիրը կրող վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2 տարի առաջ, երբ Հայաստան է ժամանել չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովան:
Այս մասին ֆիլմի շնորհանդեսի ժամանակ հայտնեց գործադիր պրոդյուսեր Արման Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» ֆիլմում ներկայացված են արցախյան հակամարտության ընթացքում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման և Աղդամի ուղղությամբ ռազմական օպերացիայի (այսպես կոչված` «Խոջալուի դեպքերի») հետ կապված մանրամասներ: Ֆիլմի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից:

Նշենք նաև, որ լրագրող Մազալովան հեղինակն է Այազ Մութալիբովի հետ հայտնի այն հարցազրույցի, որտեղ Ադրբեջանի նախկին նախագահը խոստովանում է, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանական ընդդիմության ձեռքի գործն է:

Սաղաթելյանի խոսքերով` ֆիլմում ամփոփվել են բոլոր փաստագրություններն ու նյութերը, ինչպես նաև վկայությունները: Այն Ադրբեջանի կողմից Խոջալուի դեպքերի մասին ստեղծված միֆին արժանի պատասխան ու հակափաստարկ է:

«Մենք սառը տրամաբանական դատողությունների, հետազոտությունների արդյունքում փորձել ենք տալ մի շարք հարցերի ճիշտ պատասխաններ` կատարվել է հանցագործություն, զոհվել են անմեղ մարդիկ ու քաղաքացիական անձինք, ու խնդիր ենք ունեցել հասկանալու` ով է պատասխանատվություն կրում այդ զոհերի համար, որն է այն կողմի մոտիվացիան, որը պետք է կրի պատասխանատվություն»,- ընդգծեց Սաղաթելյանը:

Իր հերթին շնորհանդեսին ներկա ֆիլմի սցենարի հեղինակ Արմեն Մինասյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է եղել ոչ թե հետևություններ, եզրահանգումներ ներկայացնելը, այլ լսարանին անհերքելի փաստեր ներկայացնելը, որոնց հիման վրա դիտողը կկարողանա իր համար անհրաժեշտ եզրակացություններ անել:

Հիշեցնենք նաև, որ ֆիլմի հանրային ցուցադրումը կկայանա մարտի 3-ին, ժամը 18:00-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել