Tert.am-ը գրում է․

«Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, ասում է, որ այս միտումները գալիս են Ուելսից՝ ՆԱՏՕ-ի Գագաթնաժողովից: Ավելին՝ ոչ ցածրաստիճան մի դիվանագետ նրան այդ մասին բառացիորեն ասել է, որ հայկական ուղղաթիռի խոցումից հետո բարոյական առումով Հայաստանի վարկանիշը բարձր է, ի տարբերություն Ադրբեջանի, քանի որ այդ քայլը, ինչպես նաև հայկական ուղղաթիռի անձնակազմի դիերի դուրսբերմանը խոչընդոտելը, նողկանք է առաջացրել միջնորդների մոտ։

-Պարո՛ն Սաֆարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը հայ փորձագետների գերակշռող մասի գնահատմամբ՝ աննախադեպ է նրանով, որ հասցեական է, ուղղված է Ադրբեջանին: Ավելին՝ Ձեր գործընկեր Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, սա դիվանագիտական առումով նոր էջ է բացվում։  Ի՞նչ լրացումներ ունեք այս գնահատականներին:

- Վերջին ամիսներին միջնորդների կողմից մի քանի քայլեր չափազանց ուշագրավ են այն առումով, որ նոր իրավիճակ են ստեղծում: Հավանաբար, կհիշեք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, չնայած շատ բան չի փոխվել, մենք ունենք նոր ուղերձ Ղարաբաղի վերաբերյալ: Եվ սա ոչ թե ՆԱՏՕ-ի, այլև Արևմուտքի երկրներին վերաբերմունքն էր ի ցույց հանում: Սրան հետևեց ուղղաթիռի խոցման և դրա հետևանքով հայկական կողմի գործողության նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքը: Սա, թերևս, բացարձակ խրախուսումն էր հայկական կողմից Ադրբեջանի պատժելուն: Եվ նաև պիտի ասեմ, որ դիվանագիտական շրջանակներում շատերն էին նշում, անուններ չտամ, որ բարոյական առումով Հայաստանի վարկանիշը բարձր է, ի տարբերություն Ադրբեջանի, քանի որ նրա այդ՝ ուղղաթիռ խոցելու քայլը և թույլ չտալը, որ մերոնք հանեն դիակները, առաջացրել էր նողկանք: Եվ դրա համար էլ հայկական կողմին հիացմունք արտահայտվեց հայկական գործողության կապակցությամբ: Երկրորդ նման վերաբերմունքը մենք տեսնում ենք հիմա, որը հետևել է Հայաստանի կողմից Ադրբեջանին պատժելուն: Եվ թերևս, հիշեցնեմ իմ ամիսներ առաջ մի հարցազրույցում արված կանխատեսումը, որ Արևմուտքի համբերությունը, կարծես, մոտ է սպառվելուն: Եվ, թերևս, մենք տեսնում ենք վերաբերմունքի փոփոխություն, քանի որ Ադրբեջանի վրա ազդեցություն թողնելու այն գործիքները, որոնք ունի Արևմուտքը, դա չի աշխատում: Եվ նրա կողմից Արևմուտքի շահերի համար, տարածաշրջանային խաղաղության համար բացահայտ սպառնալիքներ ստեղծելը բառիս բուն իմաստով բերում է դրանք պատժելու ցանկության, թեկուզ դա լինի երրորդ կողմի ձեռքերով: Հայկական  կողմի ձեռքերով: Հետևաբար, ես կարծում եմ, որ մենք արդեն մի քանի ամիս շարունակ ունենք այդ նոր իրավիճակը և պետք է այդ նոր իրավիճակում ոչ միայն փոխենք հակառակորդին պատժելու, զսպելու մեր ռազմական դոկտրինը, ինչի վկայությունն է Սերժ Սարգսյանի բարձրաձայնումը, պաշտպանության նախարարի պարզաբանումները, այլ նաև՝ արտաքին քաղաքական առումով չափազանց  լավ  վերանայված, խմբագրված ռազմավարության, որովհետև կան ընդհանուր շահեր: Դրանց մասին ոչ ոք չի հայտարարել, բայց դրանք կան, դրանք տեսանելի են և կարող են ուղղակի ամրապնդել հայկական դիրքերը:

-Այսինքն՝ կարելի՞ է Ձեզ այնպես հասկանալ, որ եթե նախկինում կային միտումներ, որոնք անորոշ էին,  հիմա ակնհայտ երևում են:

-Այո՛, և արդեն տեսանելի է, որ Մինսկի խումբը արդեն զբաղված է խաղաղություն պահպանման խնդրով, և եթե նախկինում փորձում էր կողմերից ոչ մեկին չնեղացնել, թեև նեղացում էր  հայկական կողմին չեզոք, անհասցե կոչեր անելով, բայց իրականում փորձում  էր իսպառ չխռովեցնել Ադրբեջանին՝ հանուն կարգավորման: Բայց հիմա տեսանելի է, որ Մինսկի խումբը հասկանում է, որ կարգավորման մասին խոսելը աբսուրդ է դառնում և այս պահին առավելապես պետք է պատժել նրան, ով վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը: Եվ հետևաբար, նկատելի է այդ դիրքորոշումը:

-Նշեցիք, որ  միջնորդների աչքում  բարոյական հարթության մեջ մենք հաղթում ենք, իսկ  քաղաքականության, դիվանագիտության մեջ գոյություն ունի՞ նման քաղաքական կատեգորիա:

-Ես անուն հիմա չեմ նշի, բայց ես փոխանցում եմ ոչ ցածրաստիճան դիվանագետի խոսքեր, որ այս միջադեպի հետ կապված միջազգային հանրության համակրանքը Հայաստանի կողմն է, որովհետև Հայաստանն իր քաղաքականության մեջ իրենց չափազանց  բարձր է պահել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել