ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Հունվարի 28-ը պետականորեն համարվում է Հայոց փառապանծ բանակի կազմավորման օրը։
1991թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր:
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այսպես, մինչ այս պահն ստեղծված ռազմական կամավորական միավորումներն աստիճանաբար անցան ՊՆ-ի ղեկավարության ներքո՝ վերածվելով կենտրոնական հրամանատարության ղեկավարությամբ գործող հզոր և կազմակերպված բանակի։
1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Հայոց բանակի ստեղծումը հրամայական պահանջ էր, որը պետք է ապահովեր ԼՂ-ի բնակչության արդարացի կամքի իրագործումը, ՀՀ-ի և ԼՂՀ-ի բնակչության անվտանգությունը։ Ստեղծվելով նման դժվարին պայմաններում՝ Հայոց բանակը մկրտվեց բազմաթիվ հաղթանակներով, ազատագրվեց ԼՂ-ը իր հարակից շրջաններով հանդերձ, Ադրբեջանին պարտադրվեց զինադադար խնդրել, որն էլ ստորագրվեց 1994 թ-ի մայիսի 5-ին՝ ուժի մեջ մտնելով մայիսի 12-ին։
Ստեղծված «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում արդեն շուրջ 21 տարի Հայոց հաղթական բանակն ապացուցում է, որ կարող է դիմակայել ադրբեջանական ցանկացած ագրեսիայի և տալ արժանի հակահարված։
Հաճախ հնչում են անտեղի շահարկումներ կապված սահմանային լարված դրության հետ, թե ինչու՞ ՀՀ-ը չի դիմում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է 1992-ի մայիսի 15-ից)՝ ակնկալելով Պայմանագրի Հոդված 4-ում նախատեսված ռազմական և այլ անհրաժեշտ օգնությունը, սակայն նույն մարդիկ մոռանում են, որ ԼՂՀ-ն դե յուրե ՀՀ կազմի մեջ չի մտնում, իսկ դե ֆակտո անկախ պետություն է, մոռանում են, որ մենք ունենք փառապանծ բանակ, որը ցանկացած պարագայում պատրաստ է ապահովել մեր երկրի սահմանների անվտանգությունը և ցանկացած սադրանքների տալ արժանի հակահարված։
Ինչ վերաբերում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի վերաբերյալ հաճախ հնչեցվող բացասական կարծիքներին, ակնհայտ է, որ ստեղծվելով 1992-ին՝ Մինսկի խումբը հսկայական աշխատանք է կատարել հարցի խաղաղ կարգավորման համար, սակայն հակառակորդը միշտ վերջին պահին ձախողել է արդեն ավարտական փուլ մտած բանակցությունները՝ օգտվելով այն հանգամանքից, որ ԵԱՀԿ շրջանակներում որոշումները կայացվում են կոնսեսուսային տարբերակով (բոլոր կողմերի համաձայնությամբ)։ Երբեմն մոռանում ենք նաև, որ ԵԱՀԿ որոշումներն ունեն քաղաքական, բայց ոչ երբեք իրավական ուժ։
Անհարկի են նաև ԱԳՆ նկատմամբ հաճախ հնչող քննադատությունները, և վերջապես չպետք է մոռանալ հայտնի խոսքերը. «ԵՐԲ ՀՐԱՆՈԹՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է»։ Ասածս կնշանակի, որ չպետք է երբեք աչքաթող անենք դիվանագիտությունը, բայց մեր երկրի անձեռնմխելիության հիմնական երաշխիքը հանդիսանում է ՀԱՅՈՑ ՓԱՌԱՊԱՆԾ ԲԱՆԱԿԸ։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅ ԱԶԳ․․․