Pastinfo.am-ը գրում է․Իրականում կան միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր և մյուս կողմից՝ միջազգային իրավունքի և սկզբունքների ադրբեջանական ընկալում:
Այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսպես է մեկնաբանել Դավոսում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե «ամբողջ աշխարհում բոլոր հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը»:
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները ընկած են այն առաջարկների հիմքում, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Դրանք երեք սկզբունքներն են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:
Է.Նալբանդյանն ընդգծել է, որ ի պատասխան այն կոչերի, որոնք արվել են եռանախագահ երկրների կողմից, անգամ՝ նախագահների մակարդակով արված կոչերի՝ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը՝ այդ սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Իսկ Ադբեջանը այդպես էլ չի արտահայտում իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն միջազգային իրավունքի այդ սկզբունքների:
«Դա ցույց է տալիս այդ հայտարարությունների հակասությունը, որ անում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները նայած՝ որ հարթակում են գտնվում և ինչպես են ուզում ընկալվել այդ հարթակներում։ Բայց իրականում երբ տարբեր միջազգային կազմակերպություններ քննադատություններ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, Բաքուն ասում է, որ այդ կազմակերպությունները ոչինչ չեն հասկանում: Երևի հասկացողները միայն ադրբեջանցիներն են»,- նշել է ՀՀ արտգործնախարարը։
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/60977
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



