«Այդ դեպքը չի կարող մեր միջև սեպ խրել»,-Գյումրիում տեղի ունեցած սպանդի մասին խոսելիս այսպես են գնահատում հայ-ռուսական հարաբերությունները ՀՀ պաշտոնատարները: Հարց առաջին՝ ի՞նչ գիտեք՝ կարո՞ղ է սեպ խրել, թե՞ չի կարող, եթե դեռևս հայտնի չեն սպանության շարժառիթները: Մի՞թե դուք արդեն ապացուցված եք համարում սպանդի մասին կասկածվողի ինքնախոստովանությունը և արդեն դրա վրա անում եք այդ կարգի ընդհանրացումներ: Թե՞ ելնում եք այն գործնական իրողությունից, որ ինչ շարժառիթ էլ լինի այդ սպանդի պատճառը, թեկուզ՝ ռուսական կողմից կազմակերպված տեռակտ (քանի որ սպանդի շարժառիթները դեռևս պարզ չեն, չենք կարող ոչինչ բացառել, նույնիսկ այնպիսի արտառոց ենթադրություն, թե սպանդի ետևում հենց հայեր են կանգնած), մեկ է՝ դա «սեպ չի խրի հայ-ռուսական հարաբերությունների մեջ»: Հարց երկրորդ՝ եթե ռուսական ռազմաբազայի զինվորի կողմից իրականացված սպանդի բուն փաստը (համարենք, որ սպանդը հենց նրա կողմից է իրականացված, և որևէ տրամաբանական ապացուցելի շարժառիթ չունի) չի կարող սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, ապա ի՞նչ կասեք ռուսական ահռելի ջանքերի մասին՝ այդ սպանդի քննությունն և դատավարությունը Հայաստանին չթողնելու ուղղությամբ: Իր միակ ռազմավարական դաշնակցին նրա իսկ տարածքում նրա քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած սոսկալի հանցագործության քննությունն ու դատավարությունը չվստահելու փաստը չի՞ կարող սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Երրորդ հարցը՝ ի՞նչ նկատի ունեք դուք՝ «հայ-ռուսական հարաբերություններ» ասելով. Հայաստան Հանրապետություն-Ռուսաստանի Ֆեդերացիա պայմանագրե՞րը, բացառապես Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին ֆորմալ հարաբերություննե՞րը, նույն զույգի ոչ ֆորմալ հարաբերություննե՞րը, Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունների փոխադարձ միջինացված վերաբերմու՞նքը միմյանց հանդեպ, հայ և ռուս ժողովուրդների միջինացված վերաբերմու՞նքը միմյանց հանդեպ, երկու երկրների «քաղաքականների» հռետորաբանությու՞նը միմյանց մասին, Հայաստանի և Ռուսաստանի միջօլիգարխիկ պայմանավորվածություննե՞րը, Հայաստանի «քաղաքականների» կողմից հաճախակի հղումնե՞րը «Ռուսաստանի ազգային շահերին», Հայաստանի ՀՆԱ-ի բացառիկ կախվածությու՞նը Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների ֆինանսական կապիտալից, Մերձավոր Արևելքի նկատմամբ Ռուսաստանի քաղաքական ծրագրերում Հայաստանի աշխարհագրական դի՞րքը... Վերջ ի վերջո, «Այդ դեպքը չի կարող մեր միջև սեպ խրել» անորոշ, ավելին՝ վասալական արտահայտությունն աջ ու ձախ օգտագործողները գոնե պատկերացնու՞մ են, թե ինչ փոփոխականներ կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ դրականացնելով կամ նվազեցնելով դրանց քաղաքական, տնտեսական, հոգեբանական ծավալները: Հարց չորրորդ՝ կարո՞ղ է «մեր միջև սեպ խրել» ՀՀ Գլխավոր Դատախազի՝ հանցագործության մեջ կասկածվողին և բուն հանցագործության քննությունն ու դատավարությունը Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջը: Եթե այո, ապա որքա՜ն փխրուն հիմքի վրա են հայ-ռուսական հարաբերությունները, որ դրանց միջև կարող է սեպ խրել Հայաստանում իրավունքի իրացման պարզ մեխանիզմը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/444202119065403?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել