Հայերիս մոտ կա մի շատ տարածված տեսակետ, որ այս անգութ աշխարհը, աշխարհի հզորները ոչ միայն անտարբեր են մեր վշտերի նկատմամբ, այլ նախանձից ուզում են բնաջնջել հազարամյակների պատմություն ունեցող հայությանը: Ժամանակն է, որպեսզի այս «տեսության» հետևորդներն իմանան, որ այսօրվա աշխարհի համար մենք՝ հայերս, ընդհանրապես գործոն չենք համարվում, այլ դիտվում ենք որպես Ռուսաստանի ներքին գործը, որպես նրա կողմից ստրկացված դժբախտ մի ժողովուրդ: Կայսրության փլուզման ընթացքում նույնիսկ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Կրեմլի հետ, թե ովքեր են առաջին փուլում դուրս գալիս կարմիր փշալարից և ովքեր շարունակում են մնալ ռուսական զոնում: Այդ նույն աշխարհը նաև շատ լավ գիտի մեր ռուսամոլության դրդապատճառները և ըմբռնումով է մոտենում մեր հնազանդությանը, սակայն, միևնույն ժամանակ տեսնելով Ռուսաստանի ինքնակործանումը, առավել քան համոզված է, որ մենք մյուսների պես վաղ թե ուշ հաղթահարելու ենք ռուսաստրկության տհաճ հոգեբանությունը և ձգտելու ենք ազատության:
Մենք պետք է հստակ գիտակցենք, այն ժողովուրդը, որը բռնակալի լծի տակ կքած, նրա դեմ «պայքարում» լավագույն դեպքում կենցաղային պահանջներ է ներկայացնում, միևնույն ժամանակ ապավինելով «մեծ եղբոր» ուժին ու զորությանը, երբեք չի կարող արժանանալ ազատ աշխարհի ուշադրությանն ու աջակցությանը, մեր հանդեպ տածած միակ զգացմունքը կմնա սոսկ կարեկցանքը: Եթե մենք ազգովի ցանկանում ենք ռուս-թուրքական դաշինքի դարավոր նենգախաղի մեջ հայտնված զոհի կարգավիճակից, ստորաբար օգտագործվող գործիքի կարգավիճակից վերածվել ազատ աշխարհի համար ինքնուրույն գործոնի, ապա պետք է հստակ ցույց տանք, որ հիմնովին փոխում ենք մեր ստրկամտությունը և ձգտում ազատության, ինքնիշխան պետականության: Միայն այս դեպքում աշխարհից խռոված մեր հայրենակիցները կհամոզվեն, որ ժամանակակից աշխարհում բռնակալի ձեռքին խոնարհաբար կուչ եկած ժողովուրդը չի կարող կարեկցանքից զատ այլ վերաբերմունքի արժանանալ: Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ նա գործիքից ձգտում է դառնալ ինքնուրույն գործոն: