Հայաստանյան հասարակական կյանքի կարևոր բաղադրիչներից մեկն է դարձել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության քննարկումը: Քննարկում, որը տեղի է ունենում ինչպես սովորական, կենցաղային մակարդակով, այնպես էլ քաղաքական, լրագրողական շրջանակներում՝ ամեն անգամ ընդլայնելով հարցերի այն շրջանակը, որը հետաքրքրում է ոչ միայն շարքային հայաստանցիներին, այլև իրավաբաններին: Առաջին հերթին՝ Հայաստանի իրավաբաններին, քանի որ նրանք հայտնվել են յուրատեսակ շրջափակման մեջ՝ ստանալով լոկ այն տեղեկատվությունը, որը հասանելի է, որը, իբրև «զտված չափաբաժին»՝ մատուցվում է նախաքննության մեջ ակտիվ դերակատարություն ունեցող ռուս իրավաբանների կողմից:
Օրավուր ակնբախ է դառնում, որ Վալերի Պերմյակովի հետ աշխատանք է տարվել, նրան թույլատրվել է հայ քննիչների մոտ ասել այն, ինչն արդեն ասել է և կամ ինչն առաջին պահից ներկայացվել է լրատվամիջոցներին: Ինչպես տեղեկացանք իրազեկ աղբյուրներից, մինչև հիմա քննիչները սևեռված են այն վարկածի վրա, որ Պերմյակովը գործել է մենակ, ինքն է հայտնվել Մյասնիկյան փողոցում, ջուր է ցանկացել խմել ու… ծնունդ է առել իր դաժանությամբ գրեթե աննախադեպ հանցագործությունը: Գիտենք, որ հանցագործության հայտնի դառնալուց անմիջապես հետո տեղեկություն տարածվեց, թե գործել է ռուս զինվորականների հանցախումբ, իսկ հետո ամեն ինչ «մոռացվեց», և առաջնային դարձավ մենակ գործելու վարկածը, որը հիմա դրված է մեղադրանքի հիմքում:
Այսօր շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ժամը 6-30-ից հետո որտե՞ղ է եղել Պերմյակովը և ինչպե՞ս է շարժվել դեպի հայ-թուրքական սահման: Նախաքննությանը մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց, որ ռուս իրավաբանները մինչև հիմա սույն հարցը չեն տվել մեղադրյալին, անգամ ցանկություն էլ չունեն առայժմ այն հետազոտել: Մինչդեռ շատերին է հետաքրքրում, թե մոտավորապես 17 ժամ որտեղ է գտնվել Պերմյակովը, երբ նրան փնտրում էին ողջ քաղաքում: Ավելին, ինչպես արդեն գրել ենք, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրապարակավ ասաց, որ իրենց՝ Պերմյակովին հայտնաբերելուց երկու ժամ առաջ արդեն հայտնի է եղել, թե որ ուղղությամբ է նա շարժվում: Իսկ դրանի՞ց առաջ: Այս հարցը կարևոր է այնքանով, որ կբացահայտվի, թե արդյո՞ք մենակ է գործել նա, թե արդյո՞ք հանցագործությունը կատարելուց հետո որևէ մեկը չի թաքցրել նրան, թե արդյո՞ք չի եղել ռազմաբազայի տարածքում, քանի որ կան նաև կասկածներ, որ հանցագործությունը կատարելուց հետո նա վերադարձել է ռազմաբազա, որտեղ էլ նախապատրաստվել է նրա ցուցմունքը: Հայտնի է, որ հանցագործությունը կատարելուց հետո Պերմյակովը գնացել է դեպի Երևանյան խճուղի, որտեղ էլ, «Կարո» խանութի մոտակայքում, կորել են նրա հետքերը: Ուրեմն, մինչև սահմանապահների կողմից «բռնվելու» պահը որտե՞ղ է գտնվել Պերմյակովը: Եվ ինչու՞ են անհետացել հետքերը: Նման դեպքերում տրամաբանությունը հուշում է, որ նա հեռացել է մեքենայով: Նրան սպասե՞լ են, թե՞ տաքսիով է հեռացել: Նախաքննությունը ոչինչ չի ասում այս մասին, մինչդեռ խոստացվել էր, որ ամեն ինչ լինելու է բաց և հրապարակավ: Եթե այս կարևորագույն հարցը չի պարզաբանվում, նշանակում է՝ կան շահագրգիռ ուժեր, որոնց ձեռնտու չէ բացահայտումը: Իսկ գուցե սա նախաքննական գաղտնի՞ք է: Եթե նախաքննական գաղտնիք է, նշանակում է՝ կան հանցակիցներ, որոնք որոնվում են, ուստի նպատակահարմար չէ առայժմ բացահայտել, թե ինչով է հեռացել Պերմյակովը և ում հետ:
Այո, անչափ կարևորվում է այն հարցը, թե մոտ 17 ժամ որտեղ է գտնվել հանցագործություն կատարած անձը: Անհնար է, որ նա թափառելիս լիներ Գյումրու փողոցներում և կամ գտնվեր դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհին: Ինչու՞ այս հարցը չի դառնում ուշադրության առարկա, չէ՞ որ սա առանցքային է, հանցագործության բացահայտման համակողմանիությունը ապահովող հարց: Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանը, որին հանձնարարված էր Պերմյակովի պաշտպանությունը, մեզ հետ զրույցում ասաց, որ հարցաքննության ժամանակ Պերմյակովը չափազանց հոգնած տեսք ուներ, անընդհատ ցանկանում էր քնել, շատ դանդաղ էր պատասխանում քննիչների հարցերին՝ կարծես այն տպավորությունը թողնելով, թե կամենում է կենտրոնանալ՝ ոչինչ չմոռանալու համար:
Հարցականներն, իսկապես, շատ են: Ու նախաքննությունը կարծես միտումնաբար խճճում կամ կենտրոնանում է միայն մի վարկածի վրա, ինչն էլ զայրացնում ու անհանգստացնում է մարդկանց, առիթ տալիս անվստահության: Ուրեմն, ու՞մ է այս ամենը ձեռնտու, ո՞վ է ցանկանում, որ ջուր խմելու և հանցագործությունը միայնակ կատարելու վարկածը լինի գլխավորը…
Լևոն Մութաֆյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/610407565730372?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել