Ժամանակ առ ժամանակ մտածում եմ, թե մարդիկ մեր 131 պատգամավորներից քանիսին են ճանաչում, ամենակոպիտ հաշվարկներով՝ երևի թե 50-ից 60 հոգու կճանաչեն: Ստացվում է, որ 70-ից 80 հոգի անիմաստ տեղ է զբաղեցնում ազգային ժողովում, ու 70-ից 80 հոգու ճնշող մեծամասնությունը կամ ՀՀԿ-ական են, կամ ԲՀԿ-ական: Հիմա մոտս հարց է առաջանում, թե ինչու ենք մենք այդ պատգամավորներին պահում՝ կնոպկա սեղմելու համա՞ր: Պատգամավորներ էլ կան, որ տենց մեկ-մեկ են այցելում ԱԺ՝ հյուրի կարգավիճակով, այդ դեպքում նրանք ինչո՞ւ են աշխատավարձ ստանում՝ չայցելելու համա՞ր: Հիշեցնեմ, որ պատգամավորների աշխատավարձը ես ու դու ենք տալիս մեր հարկերից, սոց վճարներից:
Հիմա մի համեմատություն անեմ:
Ենթադրենք ես աշխատանքի եմ անցնում ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ մեկ այլ խմբակցության պատգամավորներից մեկի ընկերությունում, սկզբից խոսք եմ տալիս, որ սաղ պայմանները կանեմ, հլը մի բան էլ ավել, բայց գործի չեմ գնում, կամ էլ գնում եմ, բայց մենակ նկարչություն եմ անում՝ իմ բուն պարտականությունները թողած, այդ դեպքում մեր պատգամավորները պատրա՞ստ են ինձ վճարել այնքան գումար, որն ինձ խոստացել են գործի ընդունվելիս: Համոզված եմ, որ գործից կհանեն ու աշխատավարձ էլ չեն տա: Այդ դեպքում, հարգարժան պատգամավորներ, ինչո՞ւ եք եկել մեր մոտ աշխատում ու ձեր բուն պարտականությունները չեք անում, նիստերին էլ չեք ներկայանում:



