Նոր եմ սկսում հասկանալ, թե ինչու են մեզ մոտ այսքան ակտիվացել Մայդաններում վերապատրաստություն անցած՝ բառիս բուն իմաստով օտարերկրյա գործակալները կամ էլ լավագույն դեպքում՝ օտարերկրյա գործակալներին հարիր վարք ու կեցվածք դրսևորող գործիչները՝ Պերմյակովի ոճրագործության ֆոնին։
Մեր տարածաշրջանում շատ լուրջ պրոցեսներ են հիմա գնում, որոնց հետևանքները կարող են կտրականապես փոխել ուժերի հարաբերակցությունը Մեծ Մերձավոր Արևելքում, իսկ դա անընդունելի է ԱՄՆ-ի համար։
Դաատեք ինքներդ. օրեր առաջ տեղի ունեցավ մի կարևորագույն իրադարձություն, որը կարծես թե վրիպեց մեր ուշադրությունից... Ռուսաստանն ու Իրանը կնքեցին ռազմական համագործակցության մասին պայմանագիր։ Սա դեռ դժվար է լիարժեք ռազմա-քաղաքական դաշինք համարել, բայց Արևմուտքի ագրեսիվ գործողությունները և գնալով ավելի խորացող ու տարածվող քաոսը տարածաշրջանում պարզապես անխուսափելի է դարձնում նման դաշինքի կնքում ամենամոտ ապագայում։
Իսկ դա նշանակում է, որ կտրուկ մեծանալու է Հայաստանի նշանակությունը, որովհետև փատացի Ռուսաստանի ու Իրանի միջև միակ հուսալի կամուրջը լինելու է հենց Հայաստանը, ինչը կարող է բերել նրան, որ կձևավորվի թերևս ամենաբնական ու ամենակարևոր եռակողմ դաշինքը՝ Հայաստանի, Իրանի ու Ռուսաստանի միջև։ Սա դեռ վաղուց պետք է արվեր, բայց առավելապես Ռուսաստանի պատճառով դա հետաձգվում էր։
Մյուս կողմից էլ՝ մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլան, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է առնվազն քաղաքական անկայունության՝ նրա ժառանգների աթոռակռվի պատճառով, իսկ Սաուդյան Արաբիան հանդիսանում է ԱՄՆ-ի գլխավոր գործիքը Մերձավոր Արևելքում։ Սակայն ստեղծված իրավիճակում արաբներին խաղից կարող են հանել հենց նշածս ներքին անկայունությունը, որը դեռ մի բան էլ կարող է սրել Իրանը՝ հրահրելով դժգոհություններ տեղի շիա մահմեդականների շրջանում, որոնք առանց այն էլ կայուն դժգոհ են սուննիական ռեժիմի դեսպոտիզմից։
Ու որպեսզի հնարավորինս խանգարի Իրանի ու Ռուսաստանի մերձեցմանն ու հզորացմանը, ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում Հայաստանում լուրջ քաղաքական ցնցումներ հրահրելուն։ «Բարեբախտաբար», ԱՄՆ-ը ունի թե դրա հարուստ փորձը, թե բազմապիսի մեխանիզմներ, թե անհրաժեշտ նյութական ու մարդկային ռեսուրսներ, և հենց հիմա մենք տեսնում ենք այդ պրոցեսների նախնական շարժերը։
Եթե ես իրավացի եմ, ապա շատ շուտով մենք կհայտնաբերենք, որ մեզ մոտ փորձում են Ուկրաինա սարքել ու դա անելու են հենց այն մարդկանց ձեռքով, ովքեր երդվյալ մայդանականներ էին ու են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1610626595834561&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել