Azatutyun.am-ը գրում է․
Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերով ընդլայնել և ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները՝ չնայած Գյումրիի ողբերգությանը, երեքշաբթի Բրյուսելում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակիցը Նալբանդյանից հետաքրրքվել է՝ արդյոք Գյումրիի ողբերգական իրադարձությունից հետո Հայաստանը կպահանջի՞ ինչ-որ պարզաբանում Ռուսաստանից, կամ արդյոք կվերանայի՞ Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ:
Ի պատասխան Հայաստանի արտգործնախարարն ասել է․- «Մենք լիահույս ենք, որ քննությունը կավարտվի հնարավորինս շուտ, և մեղավորները կպատժվեն օրենքին համապատասխան: Իհարկե, այս սոսկալի հանցագործությունը Հայաստանի հանրային կարծիքում բազմաթիվ զգացմունքներ է առաջացրել, սակայն դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի հետ ունենք ամուր, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ և շարունակելու ենք համատեղ ջանքերով դրանք առավել ընդլայնել և ամրապնդել»:
Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո սա Հայաստանի և Եվրամիության համագործակցության խորհրդի առաջին նիստն էր, որի ընթացքում պաշտոնական Բրյուսելը, ըստ էության, չի բացառել, որ հնարավոր է՝ առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ազատ առևտրի բաղադրիչի: Այդ մասին նիստից հետո ասել է Եվրամիության Հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ ընդգծելով, որ կողմերն այժմ հենց այդ հարցի շուրջ են բանակցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



