PR201411281434441in.am-ը գրում է․

Գյումրիի ողբերգությունը չի տեղավորվում գլխումս: Չեմ կարող հասկանալ, թե ինչ կարող էր լինել մարդկային բանականության հետ, որ այդպես գազանաբար, վախկոտի պես սպաներ քնած վիճակում գտնվող մի ամբողջ ընտանիքի, ներառյալ երեխաներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրիի ողբերգական իրադարձություններին՝ ցավով ասաց ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի, «Միրայֆ» խմբի մենակատար Մարիամ Մերաբովան, որին հայ հանդիսատեսը հիշում է ռուսական «Գոլոսի» շրջանակում ունեցած փայլուն ելույթներով:

«Ես վստահ եմ, որ ինչ էլ որ լինի, ինչ ենթադրություններ էլ որ լինեն, հայերը ոչ մի դեպքում չպետք է տրվեն ազգայնականների սադրանքներին, եթե մենք չենք ցանկանում մեզ մոտ տեսնել ուկրաինական իրավիճակ: Հուսով եմ՝ մեր հնագույն երկիրը նաև իմաստուն է ու կկարողանա խուսափել Ռուսաստանի հետ կոնֆլիկտից: Ռուսաստանը Հայաստանի հետ ունի բազմադարյա պատմական հարաբերություններ, մշակույթի ու խորհրդային համակարգում միության երկար տարիներ: Դրանում միայն դրականն եմ տեսնում»,- ասաց երգչուհին:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի՝ մարդասպան Վալերի Պերմյակովին հայկական կողմին չհանձնելու ու ՌԴ օրենքներով մարդասպանին դատելու ցանկությանը, երգչուհին ասաց, որ «դատական համակարգը երկուսի մոտ էլ փաստացի նույնն է»:

«Իսկ թե մինչ դատը այդ վիժվածքը ողջ կմնա՞, վստահ չեմ: Բայց նա պետք է ապրի: Ենթադրում եմ՝ արժանապատիվ հետաքննության երաշխավոր հանդես եկավ Պուտինը»,- նման կարծիք հայտնեց երգչուհին:

«Մենք՝ հայերս, շատ ենք սիրում ամենուր ասել, որ մենք առաջին քրիստոնյաներն ենք, որ Բիբլիական Արարատը մերն է և այլն… Իրապես հոգևոր մարդը հասկանում է, որ այդ ամբողջ ընտանիքը, որ անմեղ սպանվեց, հիմա Աստծո հետ է, ու նրանց հոգիները ողջ են ու լուսավոր: Իսկ նրա հոգին, ով իրականացրեց այդ չարագործությունը, արդեն դժոխքում է, քանի որ մեռած է: Այդ իսկ պատճառով մահը ազատում կդառնա»,- խոսքը եզրափակեց Մարիամ Մերաբովան՝ հավելելով, թե մեզ հիմա մնում է աղոթել նրանց հոգիների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել