Hetq.am-ը գրում է․

Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի» դատավորի պաշտոնում հայ թեկնածուների` մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակի չեղյալ հայտարարելու մասին, որը ներկայացնում ենք ստորեւ:

««Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի ՆՀ-543-Ա հրամանագիրը նախագահի 2015 թվականի հունվարի 12-ի ՆՀ-2-Ա հրամանագրով ուժը կորցրած ճանաչվելու կապակցությամբ հայտնում ենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի (այսուհետ՝ Խորհրդատվական խումբ) հարցմանն ի պատասխան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դեռևս 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով Խորհրդատվական խմբին տրամադրել է լրացուցիչ տեղեկատվություն ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ, նրանց կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը:  

Խորհրդատվական խումբը ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում, ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող անձնական և մասնագիտական բարձր որակական հատկանիշների վերաբերյալ պահանջներից, Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք դատավորի երեք թեկնածուների վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Ղազարյանը և Արմեն Հարությունյանը, բավարարում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող պահանջներին:  

Անդրադառնալով հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանին՝ Խորհրդատվական խումբը նշել է, որ վերջինիս մասնագիտական որակավորումներն և փորձը հաշվի առնելով՝ հիշյալ թեկնածուն Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորից:  Հարկ է նշել, որ Խորհրդատվական խմբի կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության ընթացակարգին վերաբերող որևէ դիտողություն չի բովանդակում:

Հայտնում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հետագա ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել