Անցյալ շաբաթվա վերջում Հռոմի Պապը պատարագ էր տալիս Ֆիլիպիններում՝ Մանիլայի կաթոլիկ համալսարանի տարածքում։ Չնայած հորդ անձրևին՝ միլիոնավոր մարդիկ եկել էին պատարագին մասնակցելու։ Իր ուղերձում Հռոմի Պապը շեշտադրում կատարեց երեխաների վրա.

Մենք պետք է յուրաքանչյուր երեխայի դիտարկենք որպես պարգև, որին պետք է սիրով ընդունենք, փայփայենք ու պաշտպանենք։ Մենք պետք է հոգ տանենք մեր երեխաների մասին՝ թույլ չտալով նրանց դատապարտվել փողոցային կյանքին։
Նախկին թափառաշրջիկ Գլիզել Փալոմարը, ով մի քանի տարի առաջ մուրացկանությամբ էր զբաղվում Մանիլայի փողոցներում, պատարագի օրը կանգնել էր Մանիլայի կաթոլիկ համալսարանի մեծ բեմի վրա՝ տասնյակ հազարավոր մարդկանց առաջ։ Գլիզելի ընտանիքը չքավորության էր մատնվել, և աղջիկն ստիպված էր քրոջ հետ մուրացկանությամբ զբաղվել։ Բարեբախտաբար, ներկայումս երեխան կտրվել է փողոցային կյանքից ու քրոջ և կրտսեր եղբոր հետ միասին գտնվում է Մանիլայի անօթևան երեխաների խնամքով զբաղվող «Tulay ng Kabataan» հիմնադրամի հոգածության ներքո։ Գլիզելը պահպանում է կապը մոր հետ ու, որպես կանոն, Ամանորը նրա հետ անցկացնում։ Պատարագի օրը այս 12-ամյա աղջկա կողմից Հռոմի Պապին ուղղված հարցը մինչև հոգու խորքը հուզեց բոլոր ներկաներին.
«Կան բազում երեխաներ, ովքեր անտեսվում են իրենց իսկ ծնողների կողմից։ Կան նաև շատ երեխաներ, ովքեր զոհեր են դարձել և ում հետ շատ սարսափելի բաներ են պատահել, օրինակ՝ նրանք տարվել են թմրանյութերով կամ ստիպված եղել մարմնավաճառությամբ զբաղվել։ Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որպեսզի նման բաներ պատահեն անգամ այն դեպքում, երբ երեխաները մեղավոր չեն»։

Այս հարցը տալիս աղջիկը չկարողացավ զսպել արցունքները։ Ի պատասխան Գլիզելի հարցին՝ 78-ամյա Հռոմի Պապն ամուր գրկեց նրան ու ասաց հավաքվածներին.
«Նա միակն է, ով այնպիսի հարց առաջադրեց, որը պատասխան չունի, և նա անգամ ի վիճակի չեղավ արտահայտել դա բառերով, այլ արցունքներով»։

Այո, կյանքում կան հարցեր, որոնք պատասխան չունեն, կան անարդարություններ, որոնք պարզապես չեն տեղավորվում մարդկային ուղեղի մեջ։ «He Cares» հիմնադրամի տվյալներով՝ Ֆիլիպիններում 1.5 միլիոն անօթևան երեխա կա։ Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ կարելի է տեսնել թափառաշրջիկ երեխաների, ովքեր նվաստացումների ու շահագործման են ենթարկվում։ Պարզապես ապշել կարելի է. որոշ մարդիկ կյանքի գնով երեխա են ունենում, ուրիշները՝ փողոց գցում սեփական երեխային, ոմանք էլ, օգտվելով առիթից, շահագործում են նրանց՝ էլ չասած դաժան մարդասպանների մասին, ովքեր ունակ են սրի մատնել անօգնական փոքրիկներին։ Այս ամենը միայն մի բանի մասին է վկայում. կյանքը դուրս է ամեն տեսակ օրինաչափություններից։



