Ինձ այնքան հետաքրքիր է՝ գիտակցո՞ւմ են արդյոք մեր այն ակԾիվ լրագրողներն ու ակԾիվիստները, ովքեր այս օրերին շրջանառության մեջ դրեցին Պերմյակովին «պադստավկա» արած լինելու վարկածը, իսկ հետո նաև ակտիվորեն լեգիտիմացնում էին այդ անհեթեթությունը ռուսական մեդիա դաշտում, թե ինչ հսկայական վնաս պատճառեցին։
Ու հարցն այստեղ այն չէ, որ այս վարկածի տարածումը ռուսական հասարակությունում կբերի նրան, որ բազմաթիվ մարդիկ պարզապես դեմ կլինեն, որպեսզի իրենց քաղաքացուն հանձնեն հայերիս։ Ի վերջո, որքան էլ դա կազուսային թվա, ռուսները հիմա երկու կրակների արանքում են, որովհետև, առնվազն ֆորմալ տեսակետից, նրանք իրոք չեն կարող հանձնել, որովհետև դա ուղղակիորեն հակասում է իրենց սահմանադրությանը. անկախ նրանից, թե որտեղ է հանցագործություն գործել Պերմյակովը, անկախ նրանից, թե որտեղ են նրան ձերբակալել, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում ու անկախ նրանից, թե ինչ է ասվում Հայ-Ռուսական պայմանագրում՝ Պերմյակովը հիմա ռուսների մոտ է, ու ցանկացած այլ պետությանը նրանց հանձնելը կլինի սահմանադրության խախտում։
Իհարկե, կարելի է քննարկել այն հարցը, թե ինչու էին այդ դեպքում պայմանագրում մտցնում խնդրահարույց 4-րդ կետը, բայց դա միանգամայն այլ թեմա է։ Հիմա թեման տարբեր խելոքների կողմից առաջ քաշված այս անհեթեթ վարկածն է, որը հիմնվում է բացառապես այն բանի վրա, որ խելացի հանցագործն իր շորերն ու կոշիկները չէր թողնի՝ իր անունն էլ վրան։ Աստծու սիրուն, այս ինչ խղճուկ դատողություն է։ Մարդը ցուցմունքների ժամանակ մանրամասն պատմել է այնպիսի դետալներ սպանությունից, որը կարող էր իմանալ միայն նա, ով եղել էր հանցանքի վայրում (օրինակ՝ երեխաներին սվին-դանակով հարվածելու դրվագը), ինչից հետո նույնիսկ փաստաբանն է հրաժարվել պաշտպանել նրան, իսկ դուք ընկել եք ինչ-որ դավադրությունների տեսությունների հետևից։
Շնորհավորում եմ, պարոնայք Կոլոմբոներ, շնորհիվ ձեզ, տարբեր ադրբեջանական ու ուկրաինական ֆեյքերի, տարբեր մայդանասեր ռուսական գործիչների ու լրատվամիջոցների, այս վարկածը շատ ուժեղ շեշտադրվում է ռուսական մեդիա դաշտում, ինչը բերելու է նրան, որ ոնց էլ չլինի, ռուսական հասարակության մի մասն առնվազն կասկածելու է Պերմյակովի մեղավորության վրա, իսկ մի ուրիշ մասի մոտ էլ, անկախ ամեն ինչից, բացասական նստվածք է մնալու այս ամենի ու հայերիս հանդեպ։
Ու հանուն ինչի՞... Ինչ ա թե ոմանք Ռուսաստանը չեն սիրում կամ իրենց ավելի խելոք են համարում, քան իրականում կան և չեն խորշում լինել նույն շարքերում, ինչ, օրինակ, նույն ադրբեջանական ու ուկրաինական ֆեյքերն են։ Բռավո՜...