Ինչպե՞ս չհավատա միջին ռուսաստանցին, որ հայկական քաղաքական ընդդիմությունը օր ու գիշեր մի գործով է զբաղված՝ «հակառուսաստանյան, հակառուսական տրամադրությունների բորբոքում»
Ռուսաստանյան ոչ միայն սոցցանցերը, այլև ԶԼՄ-կայքերը լցվել են Գյումրիում տեղի ունեցածը կերպարանափոխելու և դրա վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելուն միտված նյութերով: Մասնավորապես «դեղին մամուլում» հատկապես այսօր առատորեն քննարկվում է Հայաստանի պաշտպանությանը զոհաբերված ռուսական ռազմաբազայի ճգնաժամային վիճակը հակառուսական տրամադրություններով լցված հայերի ձեռքին, ովքեր ճարպկորեն առիթ ստեղծեցին Ռուսաստանի դեմ ըմբոստանալու և մասնավորապես ամերիկյան գրանտներով հակառուսական կոկորդ են պատռում՝ շահարկելով ողբերգության (ոչ թե հանցագործության) փաստը: Անկյուն քշված Ռուսաստանի սպառված պաշտոնական տրամաբանությունից բխող այս ագրեսիվ պրիմիտիզմը դեռ երկար կշարունակվի և մարդ իսկապես չգիտի՝ պե՞տք է արդյոք դրանց թողնել «միմյանց համոզելու» «սրբազան առաքելությունը», թե՞, այնուամենայնիվ, արժի փորձել ռուսաստանյան հանրությանը ներկայացնել իրականությունը: Դրանով, վախենամ, «բանավեճի» տպավորություն կստեղծվի, որով գոյության իրավունք կստանա հրապարակ նետված «հայկական ռուսատյացության» հունցվող խմորը: Հիմա, երբ քաղաքացիական իրավունք պահանջող հայերի փողոցներում բարձրաձայնող խբերը ջարդվել են հայկական ոստիկանական ու կարմիրբերետավորական ուժերի կողմից, և մի շարք հայ և ռուս պաշտոնատարներ բարձրաձայնել են «հակառուսականության անթույլատրելիություն», «հակառուսականություն» և «ռուսատյացություն» արտահայտությունները, դրանք դարձել են Գյումրիի հանցագործության մասին բոլոր քննարկումների ամենաշատ օգտագործվող բառերը: Ոմանք էլ դրանք վերագրում են հայկական քաղաքական ընդդիմությանը, անշուշտ առանց ակնարկելու, որ հանրային ցասումը ընթացքում է միայն մեկ պահանջով՝ «մասնագիտական, համակողմանի քննություն, արդար և հրապարակային դատ»: Բայց վերջինս կրքեր չի բորբոքում, ուստի ջանասիրաբար շրջանցվում է: Դե, վերջապես, շարժվեց նաև այսպես կոչված КООРДИНАЦИОННЫЙ СОВЕТ РОССИЙСКО-АРМЯНСКИХ ОРГАНИЗАЦИЙ. Այսօր նրանք էլ, վերջապես ուշքի գալով՝ անհրաժեշտ «ցավակցություններն» ասել են, անմիջապես ավելացնելու համար. «Но нам совершенно непонятно и неприемлемо, когда уголовное преступление конкретной личности, каким бы оно тяжким ни было, используется оппозиционными силами в Армении для разжигания антироссийских, антирусских настроений». Դե, միջին ռուսաստանցի, արի ու մի հավատա, որ հայկական քաղաքական ընդդիմությունը օր ու գիշեր մի գործով է զբաղված՝ «հակառուսաստանյան, հակառուսական տրամադրությունների բորբոքում»: Իսկ միջին ռուսաստանցին կուրացել է աշխարհի բաժանման պուտինյան ներկայիս սցենարով,-աշխարհը բաժանվում է երկու մասի՝ ռուսաստանամետներ (մնացել են միայն ռուսաստանցիները) և ամերիկամետները (ողջ մնացյալ աշխարհը, նույնիսկ թունդ իսլամիստները): Եվ ինչպե՞ս չտրամադրվի այդ «մոլագար հայերի» դեմ, ովքեր ԵՏՄ մտնելու երջանկությունը վայելելու փոխարեն «ամերիկյան փողերով» հակառուսականություն են քարոզում: Ինչպե՞ս բացատրենք, համոզենք, խնդրենք մեր պաշտոնատարներին և հայ-ռուսական բարեկամության անվան տակ թաքնվող պնակալեզներին «չխայտառակել ռեսպուբլիկան», ջուր չլցնեն դեղին մամուլի մակարդակի քարոզչության ջրաղացին...