Երեկ Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության 2015թ. պլանը: ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրշիաշվիլիի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր այդ թվում՝ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ներկան և ապագա հեռանկարները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:
Հայ և վրացի պաշտոնյաները նշել են, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումն առաջնահերթությունների թվին է դասվում և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում: Որպես համագործակցության առանցքային ուղղություն` կարևորվել են ռազմական կրթությունն ու ուսումը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` Սաչխերե լեռնային պատրաստության ուսումնական կենտրոնում հայոց զինուժի անձնակազմի մասնագիտական վերապատրաստման բարենպաստ հնարավորություններ ստեղծելու համար:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ, իսկ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախտանգ Կապանաձեի կողմից հյուրընկալվել է պաշտոնական ճաշի:
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Գորիում տեղակայված Վրաստանի ազգային պաշտպանական ակադեմիա, որտեղ Դ. Տոնոյանը հանդես է եկել «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային կազմակերպությունների դերակատարումը» խորագիրը կրող զեկուցումով: