Ցինիզմի թոշակառուն...
Բոլորիս համար էլ պարզ է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որպեսզի ստվերեն հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանային գոտում ավելի ագրեսիվ կլինի, իսկ Թուրքիան ստիպված նոր ազատագրման ու հաղթանակի օրեր կհորինի: Սա ցինիզմի ու պոպուլիզմի գագաթնակետն է: Էրդողանն այսքանով իսկ ապացուցում է, որ Ցեղասպանության կազմակեպիչներն իրենք են: Ամբողջ աշխարհի առջև նոր պատմություն հորինելով՝ նա ապացուցում է, որ իրենց գոյության ողջ ընթացքում ուղղակի պատմություն են հորինել, իսկ իրականը թաքցրել են:
Երեկ նախագահը պատասխանել էր Թուրքիայի հրավերին: Շատ պարզ ու մատչելի ձևով մեր կողմը Թուրքիային հասկացրեց, որ նրանք կամ իրենց պատմությունը չգիտեն, կամ էլ նոր պատմություն են գրում: Էրդողանին հասկացրեցինք, որ մեր հրավերն ուժի մեջ է, իսկ նրա մասնակցությունը կամ չմասնակցությունը մեր համար միևնույն է:
Հունվարի 20-ի մասին կրկին ու կրկին բարձրաձայնում են: Ես հիշում եմ՝ այսպիսի եռանդով մեկ էլ Հոկտեմբերի 10-ի մասին էին խոսում, թե սպասեք՝ հեսա հոկտեմբերի 10-ը գա, տեսեք ինչեր ա լինելու: Իրականում սա ոչ իշխանական ուժերի համար հերթական օր երկարացնելու փորձն է, հունվարի 20-ից հետո փետրվարի 15, 15-ից հետո 23 ու այդպես շարունակ: Թեժ աշուն 2015-ին կսպասվի, հետո կվերածվի տաք ձմռան: Այնպես որ հանգիստ ապրեք, հունվարի 20-ը վերջը չէ:
Երեկ տեղեկացա, որ Գյումրու դեպքերից հետո ոստիկանության աշխատակիցը ծանր վիրավորվել է ու վիրահատության է ենթարկվելու: Ժողովուրդ ջան, այսպիսի բաներ մեզ պետք չեն: Ի՞նչ շահեցինք ոստիկանին քարով հարվածելուց, ատասխան ոչինչ: Մի երիտասարդ ևս վիրավորվեց, մի երիտասարդ ևս կարող էինք կորցնել: Թուրքի ձեռքից մեր տղեքն ընկնում են, եկեք այնպես չանենք, որ մեր ձեռքից էլ ընկնեն: Ընկած ոստիկանին ակտիվիստը պետք է բարձրացնի, ընկած ակտիվիստին՝ ոստիկանը:
Գյումրիում հարաբերական անդորր է, հույս ունեմ, որ ռուսական կողմը խոհեմություն կցուցաբերի ու գյումրեցուն չի լարի իր դեմ, որովհետ գյումրեցին հաղթող է, իսկ գյումրեցու կողքին ողջ հայությունն է կանգնած, ով պարտվել չգիտի:



