Իմ սիրելի ու պաշտելի ընտանիքիցս բացի՝ ևս մի անդավաճան ուղեկից ունեմ այս կյանքում, ում վրա անվերապահորեն ու հավատամքով հաճախ եմ հենվում։ Դա իմ հիշողությունն է։ Կյանքիս վերջին հատվածում նոր հասկացել եմ, որ ես արտակարգ հիշողություն ունեմ։ Բայց դե օգտվել այդ բարիքից լի ու բոլ այլևս ժամանակ չունեմ։ Բնությունը նման բարիք մարդուն պարգևելուց պիտի խելամիտ գտնվի ու ասի, որ այ հարգելի մարդ ջան, քեզ մեծ բարիք եմ տվել, իսկ դու դմբո ես ու չես հասկանում դրա արժեքը։ Եվ այդ բանը բնությունը մարդուն պիտի ասի նրա կյանքի արշալույսին, այլ ոչ թե արևամուտին։ Ինչևէ, օգտվելով իմ այդ անգին բարիքից, գրեմ հետևյալ միտքս։
Ես ՖԲ-ում եմ նրա ստեղծման օրվանից։ Լավ հիշում եմ, որ այն ոչ հեռավոր տարիներին ՖԲ-ի մեր հայկական հատվածում միակ մարդն էի, ով հաճախ հակառուսական մտքեր էր գրում։ Այդ մտքերի համար շատ հաճախ էի արժանանում դիտողությունների բազմաթիվ օգտատերերի կողմից։ Այն տարիներին գրածներիս հիմնական իմաստը կայանում էր նրանում, որ մենք, որպես երկիր բարեկամություն անելով Ռուսաստանի հետ, չպիտի մեր ինքնիշխանությանն աննշան չափով անգամ վնաս հասցնենք։ Եվ երկրորդը՝ որ Ռուսաստանը պատմության ընթացքում հաճախ է մեր հաշվին սպասարկել իր որևէ աննշան շահը։ Եվ մենք նման դեպքերը պիտի կարողանանք ժամանակին նկատել ու մեր ուժերի սահմաններում դրանց դիմագրավել։
Վերջերս զարմանքով նկատեցի, որ կապված միջազգային դրության սրման, ինչպես նաև ուժեղ պետությունների միջև շահերի լուրջ բախումների հետ, մեր երկրում սկսվեց հակառուսական մի վայրենի վայնասուն բարձրանալ, որը մեր երկրի շահերով բացատրել ես չեմ կարողանում։ Վերջին շրջանում, այս սահմռկեցուցիչ դեպքերից շատ առաջ, հակաադրբեջանական արդարացի հակահարձակումներն աննշան բան էին դարձել հակառուսականի հետ համեմատած։ Այս վերջին դեպքն էլ իր հերթին եկավ ու որպես յուղ լցվեց կրակի վրա։ Իմ կարծիքով՝ այս դեպքը հենց այդ ծավալված հակառուսականության պսակն է, և այն ոչ էլ պատահականություն էր, այլ լավ մշակված ու ծրագրավորված սպանդ էր հայ-ռուսական լուրջ բախումներ սանձազերծելու ակնհայտ նպատակով։
Հարգելի և սիրելի հայություն ջան, ոչ մի հզոր պետություն սպիտակ թևերով հրեշտակ չի, և նրա ամենակարևոր նպատակներից մեկը փոքր պետություններին ջլելն ու շահագործելն է։ Ճիշտ նույն կերպ, ինչպիսին առանձին անհատ մարդիկ են վարվում իրար նկատմամբ։ Ուժեղի իրավունքի սկզբունքն է գործում պետությունների միջև հարաբերություններում։ Սա պիտի լավ հասկանանք։ Պիտի լավ հասկանանք նաև, որ ոչ մի պետություն, ինչքան էլ այն հզոր լինի, չի կարող գոյատևել՝ լիովին թշնամական շրջապատ ունենալով։ Նույնիսկ ԱՄՆ-ի նման հզոր պետությունն անհանգստանում էր, որ քթի տակ մի պճլո թշնամի ուներ Կուբայի տեսքով և անընդհատ աշխատում էր այդ անհարթությունը վերացնելու ուղղությամբ։ Նույն կերպ է վարվում նաև Ռուսաստանը, և նա էլ է աշխատում իր շրջապատում թույլ չտալ թշնամի պետության հայտնվելը։
Իսկ մենք բոլորից «խելքով» ենք։ Մեր համար ծովը ծնկներիցս է։ Երկու վայրենի թշնամի քթներիս տակն ունենք, մեզ հազիվ հանդուրժող մի վրացի էլ հյուսիսից ու վստահորեն գտնում ենք, որ լավ կլինի, եթե մի հսկա թշնամի էլ Ռուսաստանը դառնա մեր համար։ Կջարդենք, կփշրենք բոլորին ու մեր շահն առաջ կտանք։ Այ սենց խելքով ենք։ Դրա համար էլ այս օրին ենք։ 
Կոչս մեր հայրենակիցներին։
Սիրելի հայրենակիցներ, եթե որևէ մեկը ձեզ կասի, որ առ այս դրամը և սկսի վայրի թշնամանք քարոզել հայերի ու ռուսների միջև, մի վերցրեք այդ փողը, այն իր մեջ արյուն է պարունակում, և հաստատ քթներիցդ դուրս կգա այդ արյունը։ Մի թշնամացրեք հայերին ռուսների հետ՝ ձեր այսրոպեական մանր ու գծուծ շահից ելնելով։ Դուք նույնքան կամ ավելի քստմնելի գործ եք կատարում, քան կատարեց այն ռուս դեբիլը, որ սպանեց մի ողջ ընտանիք։ Դուք մի ողջ ժողովուրդ եք կոտորելու տանում ձեր այդ դավաճանական քայլով։
Ուշքի եկեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել