Panorama.am-ը գրում է․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Ermenihaber.am» լրատվականը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է հաղորդվում Թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Սերփիլ Չևիքջանի «Էրդողանի 2-րդ անակնկալը» վերտառությամբ հոդվածում:
Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրների նախագահներին կամ վարչապետներին, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Հոդվածի հեղինակը ուշագրավ է համարել նաև այն հանգամանքը, որ մասնակցության հրավեր է ուղարկվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով ավանդաբար ամենամյա ապրիլքսանչորսյան ելույթներ է ունենում` ցավակցելու համայն հայությանը:
ՀՀ նախագահին ուղարկված հրավերի կապակցությամբ, ըստ Չևիքջանի, թուրքական կառավարության ներկայացուցիչը հետևյալ պարզաբանումն է տվել. «Դարդանելիում մարտնչած և նահատակված զինվորների շարքերում եղել են էթնիկական տարբեր ծագման բազմաթիվ երիտասարդներ: Նրանց մեջ եղել են նաև հայեր: Այլ կերպ ասած` միասին ենք պայքարել, դրա համար էլ Սարգսյանին էլ է հրավեր ուղարկվել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



