Հունվարի 2-ից ԵՏՄ-ին անդամակցելու փաստացի իրողությունը մի կողմ, բայց դրանով հանդերձ, ակնհայտ է, որ Հայաստանն այլևս նոր հանգրվանի մեջ է, որի պայմաններում մեզնից պահանջվում է արտակարգ ռեժիմի համար անհրաժեշտ որակներ, հմտություններ՝ նոր մարտահրավերներին դիմակայելու, հնարավոր փոփոխություններն առավելագույնս մեր օգտին կիրառելու իմաստնությամբ ու կարողությամբ: Հարավկովկասյան տարածաշրջանը միշտ էլ եղել է աշխարհաքաղաքական մեծ շահերի թեժ խաչմերուկ՝ դառնալով ավելի շատ բաժանարար գծերի, քաղաքական, տնտեսական և նույնիսկ ռազմական տարանջատումների տիրույթ, քան ընդհանուր նախագծերի, բազմաբնագավառ գործակցության արեալ ու հարթակ: Եվ, թվում է, միակը՝ Մշակույթը, որը պիտի միայնակ հպարտությամբ ոչ միայն զերծ լիներ տարատեսակ գզվրտոցներից, սակարկումներից, այլև բացառեր դրանք և ունենար, պատկերավոր ասած, խաղաղության աղավնու գործառույթ, ցավալիորեն ինքն է նույն տարածաշրջանում վերածվել կռիլովյան առակի դրևսորումների թիրախի՝ այս կամ ուտեստի կամ երգի ստուգաբանական շփոթից ու ազգային վերագրումների փորձերից մինչև միջազգային ցուցահանդեսներում մշակութային ձեռնարկների տապալումներ և այլն:
«Սպիտակ Տան» ու «Սպիտակ արջի» հակասությունները վերջին շրջանում շիկացրել են Կովկասը (և ոչ միայն), իսկ ներկայում պուտինյան Ռուսաստանը, նույնիսկ իր նկատմամբ Արևմուտքի ու մասնակիորեն Եվրոպայի պատժամիջոցների, տնտեսական որոշակի ճգնաժամի գնով, բերկրում է իր իշխանությունը շոշափելիորեն և նույնիսկ իրավական առումով ամրագրելու փաստից՝ անկախ ԵՏՄ-ի առաձգականությունից և բովանդակությունից: Անժխտելի է, որ Հայաստանն այսուհետ ռազմական դաշնակցի հետ կապված է նաև օրգանապես, այսինքն՝ մեր ելումուտը, նիստուկացը, մեր օրն ու գիշերը պայմանավորված են ռուսական կողմի ձեռքբերումներով և, Աստված մի արասցե, ձախողումներով, պարզ ասած՝ քմա և բարեհաճություններով... Մոսկվայի «դիրեկտորության» տաքուսառի մասին մեր պատկերացումները բավականին հագեցած են և ոչ հեռավոր ու հենց ամենամերձ անցյալում որոշակի վկայումներ ունեն, որի առանցքում մեզ համար ամենից կարևորը ղարաբաղյան հիմնահարցն է:
Հանգրվանային այս շրջափուլում փաստ է, որ Ռուսաստանի Դաշնությունը գրեթե զրո է հասցրել ոչ միայն Երևանի հետ հարաբերությունների խնդրահարույց լինելը, այլև դրա առաջացման հավանական ռիսկերը՝ ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և պրոռուսաստանյան այլ միավորների հետ գործակցությունը՝ պատճառաբանելով ազգային անվտանգության պահպանման ու տնտեսական զարգացման այլընտրանքի փաստացի բացակայության գործոններով (նկատի առնելով նույն Արցախի հիմնախնդիրը, Թուրքիայի հետ փակ սահմանն ու տնտեսական նախագծերից նույնիսկ տեսականորեն զրկվելը և այլ հանգամանքներ):
Մյուս կողմից, Մոսկվան Բաքվի հետ ևս վերջին շրջանում ջերմացրել է հարաբերությունները, ինչի լույսի ներքո Եվրոպան ու ԱՄՆ-ն սկսել են ավելի խիստ քննադատություն հնչեցնել Ադրբեջանի իշխանությունների հասցեին՝ դատապարտելով այդ երկրում հատկապես մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտներում կատարվող ապօրինությունները:
Վրաստանի առնչությամբ ևս, կարելի է ասել, որ նախկին թշնամանքն արդեն ակտուալ չէ Ռուսաստանի մասով, և 2008-ից ի վեր ստեղծված իրավիճակը կայունանալու միտումներ ունի, երկու կողմերից էլ հաշտեցման ու բարեկամական հեռանկարի ազդակներ են հնչեցվում՝ հատկապես ամենաբարձր, պաշտոնական մակարդակով: Իրանի հետ էլ Ռուսաստանի համագործակցության ամրությունը վերահաստատվեց նույն Սիրիայի հարցում դիրքորոշմամբ, իսկ Թուրքիայի հետ Մոսկվան պարզապես ակնհայտ բարեկամություն է անում, ինչի մասին վկայեց Պուտինի վերջին այցն այդ երկիր և ռազմավարական գործակցության կշիռ ունեցող նոր պայմանագրերի վավերացում: Ահավասիկ, այս չափումներով, ակներև է դառնում, որ Մոսկվան մեր տարածաշրջանում դիվանագիտական լուրջ հաղթանակի է հասել՝ պահպանելով բոլորի հետ հարաբերությունները: Ոմանք կարող են այն կայսերապաշտական հերթական նկրտում ու հաղթանակ որակել, ոմանք կարող են վկայակոչել ընդամենը մարտի, ոչ թե ճակատամարտի շահած լինելու մասին՝ փաստարկելով ներկովկասյան տարաձայնությունները՝ հայ-թուրքական, ղարաբաղա-ադրբեջանական, ռուս-վրացական, ադրբեջանա-իրանական տարատեսակ ու տարբեր տրամաչափի հակասություններով:
Բայց որ ռուսական գործոնն այլևս գերիշխող է դարձել այս ժամանակահատվածում, պետք է ոչ թե սվիններով ընդունել, այլ շրջահայացորեն և սթափ: Իհարկե՛, մենք այնքան ռոմանտիկ չենք, որպեսզի հավատանք ԵՏՄ-ին լիարժեք անդամակցելուց հետո, մենք անխոցելի ենք դառնալու, սահմանին ադրբեջանական կողմը չի շարունակելու դիվերսիոն գործողությունները, կամ Թուրքիան վերջապես ճանաչելու է Հայոց Ցեղասպանության փաստը և այլն, և այլն: Բայց ժամանակն է հայ-ռուսական հարաբերություններից քաղել այն օգուտները, որոնք պատմականորեն ընձեռվել են, բայց քաղաքականապես ու հանրայնապես չեն իրագործվել:
Մեզ հայի հետին խելքը հարկավոր չէ այլևս, մեզ պետք է 2015 թվականի առաջին եռամսյակի, հետո երկրորդ, երրորդ տարեփուլերի արդյունավետ գործադրման ճկունություն ու ողջախոհություն: Գերվազքի, վիթխարի մրցավազքի պայմաններում մենք դատապարտված ենք լինել մարզիչ-խաղացող, որովհետև ամենակուլ ժամանակին հաղթում կամ պարտվում են հենց նրանք, ոչ թե գնդակ մատակարարող տղաները խաղադաշտի լուսանցքում…
Արա ԱԼՈՅԱՆ
Հ.Գ.
Մտորումն ինձ պատել և շարադրվել է այս տարվա հունվարի 3-ին...



