Գյումրիի ողբերգությունը շատ բան ցույց տվեց, բայց կարևորն այն էր, որ գյումրեցիները հավաքական բնազդով հաստատեցին, որ իրենք լավ քաղաքացի են և ուրեմն՝ լավ ստրուկ չեն դառնա (Մոնտեսքյոն ասում էր՝ Վատ քաղաքացին դառնում է անպայման լավ ստրուկ): Տեսանք մարդկանց համախմբումն ազնիվ ցասումի և ցավի մեջ: Տեսանք մեր պետական մարմնի ամենատկար, անթույլատրելի խղճալի տեղերը, տեսանք Հին նոր տարի նշելու «աստղաբույլի» ողբալի անզսպությունը: Տեսանք նաև քաղաքական կրքերի եռուզեռը, տրամաբանական և անհեթեթ հետևություններ և հետաքննություններ, վարկածներ, պահանջներ. ամեն ինչ բնական էր, աննախադեպ հանցագործությունը շարունակում է մնալ անհասկանալի և չպատճառաբանված... 
Տխուրն այս ցավի շուրջ վեճերն ու հայհոյանքներն էին, իրար դաս տալու փորձերը, անզիջում կարծիքները պարտադրելը, իրար անվանարկելը.... Ինչի՞ համար, չէ՞ որ իրականում բոլորս ենք ցավի հարվածի տակ...
Աստված պահպանի ճիվաղի ձեռքից հրաշքով փրկված փոքրիկին, իսկ մենք կանխենք մեզ վատ քաղաքացի և լավ ստրուկ դարձնելու՝ յուրայինների և օտարների բոլոր քայլերը: Ոչ որպես հանդգնություն այս ու այն հարևանի, ռուսաստանների ու թուրքիաների, ոչ էլ ավելի հեռավորների դեմ: Այլ որպես ազգ և պետություն պահպանվելու աստվածաշնորհ ՀԱՆԴԳՆՈՒԹՅՈՒՆ և խիզախում: Որպեսզի մնանք ՀՀ քաղաքացիներ, իսկ մեր զավակները՝ ավելի լավ քաղաքացիներ: Երբևէ որևէ այլ պետության ստրուկ չդարձող քաղաքացիներ: Դեռ ուշ չէ.... 
Պատմության մեջ, բոլորդ կարող եք հիշել, նման ողբերգական դեպքերը երբեմն շրջափուլային են լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել