Life.panorama.am-ը գրում է․

«ԵՏՄ-ն լայն հնարավորություններ է ընձեռում, սակայն դրանք  մեզ սկուտեղի վրա չեն մատուցելու». Արծվիկ Մինասյան

Եվրասիական տնտեսական միությունը լայն հնարավորություններ է ընձեռում, սակայն բոլոր հնարավորությունները մեզ սկուտեղի վրա չեն մատուցելու: Դրանցից օգտվելու համար տառապալից քրտնաջան աշխատանք է պետք: Life.panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

«Հնարավորությունները լայն են՝ սկսած տնտեսության առանձին ճյուղերում ներդրումներ ներգրավելուց և դրանք Եվրասիական միություն արտահանելու ծրագրերից, ավարտած նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ տնտեսական կառուցվածքով կարող է որակապես նոր վիճակում հայտնվել: Ընդ որում, հարցն առնչվում է տնտեսության բոլոր ճյուղերին, ոչ միայն քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն  տրիկոտաժ, թեթև արդյունաբերություն, այլև  բարձրակարգ ծառայություններ, կրթական բարձր տեխնոլոգիաներ և այլն: Դրան հասնելու համար պետք է օր ու գիշեր քրտնաջան աշխատել»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, պետք է աշխատել դատական համակարգի վերանայման ուղղությամբ, որ ներդրողների համար Հայաստանը դառնա գրավիչ:  Եվ գրավիչ լինի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության անդամ, այլև այլ պետությունների, այդ թվում Եվրամիության երկրների համար: Հայաստանը կարող է այլ երկրների համար դառնալ մուտք դեպի ԵՏՄ և հակառակը: Դրան հասնելու համար, ըստ Արծվիկ Մինասյանի, անհրաժեշտ է աշխատանք, տնտեսության խոցելի հատվածների վերհանում:

Արծվիկ Մինասյանը նկատեց, որ, ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա: «Ես մի շարք ծրագրերից տեղյակ եմ: Կառավարությունը մտադիր է ծրագիր մշակել և իրականացնել ԵՏՄ-ի անդամ երկրների կոնկրետ ներդրողների հետ, որը հնարավորություն կտա Հայաստանում ընդլայնելու  ճանապարհատրանսպորտային համակարգերը: Երկրորդ ծրագրերն էներգետիկ ոլորտին են վերաբերում, սակայն, ցավոք, դրանք դեռ միայն հումքային ռեսուրս համարվող նավթի և գազի պաշարների վրա են հիմնված: Այլընտրանքային էներգետիկայի մասով ևս կան հնարավորություններ և եթե կառավարությունն ամբողջ կազմով աշխատի, այդ հարցն էլ կլուծվի»,-ասաց պատգամավորը: Ըստ նրա՝ անշուշտ Ազգային ժողովը չպետք է պասիվ դիրք գրավի, խորհրդարանը ևս պետք է իր հանձնաժողովների միջոցով համապատասխան ծրագրեր առաջարկի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել