Գյումրիում սպանության հարցի շուրջ կարծիքներ արտահայտողներն այնքան շատ գրեցին «ռուսատյացություն» բառը, որ այն դարձավ սովորական, առօրեական բառ: Մինչդեռ դա խիստ պարտավորեցնող, ռասիզմին ու ֆաշիզմին հավասարվող բառ է: Եկեք հասկանանք՝ կա՞ իսկապես Հայաստանում «ռուսատյացություն»: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում ակտիվ խրախուսվող բազմաթիվ սափրագլուխներ բազմաթիվ անգամներ միտումնավոր, ազգային պատկանելության համար, սպանություններ են իրականացրել մետրոներում, փողոցներում, մուտքերում, դպրոցների մոտ, այդ թվում՝ սպանել են բավականաչափ հայերի: Նույնիսկ՝ դպրոցահասակ: Սրանց մենք տեղյակ ենք: Գոնե՝ առանձին դեպքերի: Բարեբախտաբար, երիցս բարեբախտաբար, Հայաստանում այս կամ այն ազգային պատկանելության, այդ թվում՝ ռուս լինելու համար որևէ սպանություն չի կատարվել: Համենայն դեպս, հանրությունը դրան տեղյակ չէ: Հայաստանի պետությունը երբևէ պաշտոնապես մտահոգություն չի հայտնել Ռուսաստանում իր քաղաքացիների, նաև հայազգի մարդկանց սպանությունների առիթներով: Նույնիսկ այն դեպքերում, երբ դատարանը հաստատել է կոնկրետ սպանության շարժառիթը՝ հայատյացությունը կամ դրա քարոզը: Անշուշտ շատ հավանական է, որ Պերմյակով ազգանունով ռուս տղան Հայաստանում հայկական մի ողջ ընտանիք սպանդի է ենթարկել ոչ ազգային ատելության շարժառիթով: Չի բացառվում նաև հակառակը: Հիմա տարբեր ձևերով պնդում, խնդրում, առաջարկվում է այդ վարկածը նույնիսկ չքննարկել, դրա մասին առհասարակ չխոսել՝ «հանցագործն ազգային պատկանելություն չունի» միանգամայն իրավացի ձևակերպմամբ: Բայց «հանցագործն ազգային պատկանելություն չունի» այն դեպքում, երբ հանցագործության շարժառիթը սպանվողի ազգային պատկանելությունը չի: Թուրքիայում հայերին կոտորելիս հազիվ թե ջարդարարների մեջ գտնվեին հույներ, ասորիներ, որոնց մեջ, անշուշտ, կարող էին լինել և հավանաբար անպայման կային քրեական հակումներով պոտենցիալ և գործնական հանցագործներ: Այսպիսի դեպքերում ինչպես հանցագործության զոհը, այնպես էլ հանցագործները միանգամայն հաստատված «ազգային պատկանելություն» ունեն: Կոնկրետ դեպքում դրանք թուրքեր, քրդեր և «չերքեզներ» հավաքական անունով հայտնի նախկին կովկասցի մահմեդականներ էին: Որովհետև «հայատյացությունը» ներդրվում էր այդ ինքնության կրողների մեջ: Բացառություններ, իհարկե, կարող էին լինել: Գյումրիում կատարված սպանության դեպքում հայկական չեղած «ռուսատյացության» թեմայի և «հանցագործն ազգային պատկանելություն չունի» ձևակերպումների ակտուալացումը սկզբից ևեթ քննչական մարմինների վրայից հանում է «հայատյացության» տարբերակը պարզելու պարտավորությունը: Մինչդեռ այդ երևույթը Ռուսաստանում խրախուսվում է որոշակի քաղաքական շրջանակների կողմից, և ամեն ինչից զատ՝ այդ թեման այսօր խիստ արդիական է: Նախ՝ հայատյացության ակունքները հասկանալը, հետո՝ «ռուսատյացության» բացառումը կամ հաստատումը: Հատկապես՝ վերջինը: Հայաստանի բնակչության մի մասը խիստ բացասաբար է վերաբերում ռուսական պետական քաղաքականությանը: Այս երևույթը հավուր պատշաճի ներկայացնելու, քննարկելու, հասկանալու փոխարեն շրջանառության մեջ դրված մտացածին «ռուսատյացություն» տերմինը կարծեք թե փակում է ռուսական պետական քաղաքականության քննարկման հնարավորությունը. այն անմիջապես երանգավորվում է «ռուսատյացությամբ»: Ո՞ր վերլուծությունն է հաստատել դրա առկայությունը: Որտե՞ղ եք Հայաստանում տեսել ռուսատյացություն: Նույնիսկ այս բառը գրելիս ես ինձ վատ եմ զգում: Իմ բազմաթիվ ռուս ընկերները մարդասիրության, ազնվության, վեհանձնության, օրինականության և օրինապահության տիպար են: Բայց ազգատյացության անգերազանցելի նմուշ է Ռագոզինը: Հիմա ես նրանց ինչպե՞ս համեմատեմ: Այլազգիներին սպանում են պաշտոնյա Ռագոզինի ռագոզինյան «հպատակները», վատ են զգում, ամաչում և դատապարտում իմ ռուս ընկերները: Ես, այո, ատում եմ «ռագոզինյան հպատակներին», սա ռուսատյացությու՞ն է: Գյումրիում իրենց տանը քնած ընտանիքի սպանդն իրականացնողը, իրավապահների հաղորդմամբ, առնվազն քսանմեկ կրակոց է արձակել: Կրակահերթո՞վ: Նորածին երեխային էլ սվիններով է հարվածել: Սա մեզ «առանձնակի դաժանության» հուշում չէ՞: Երեխան հո վկա չէ՞ր կարող լինել: Այսպիսի դաժանությունները սովորաբար հետևանք են կամ ատելության, կամ անհատական վրեժի, կամ սոցիալական վրեժի: Ազգատյացության գործնական կիրառումը եթե ֆաշիզմի հետևանք չէ, ապա առնվազն սոցիալական վրեժի տարբերակ է: Ի՞նչ եք առաջարկում՝ սկզբից ևեթ բացառե՞լ այս տարբերակի հնարավորությունը: Հապա ինչու՞ էինք մեղադրում ՀՀ ԱԳՆ-ին՝ Ռուսաստանում ռագոզինների հպատակների կողմից հայերի սպանությունների նկատմամբ կրավորական անտարբերությամբ հայտնի դեպքերի համար: Ցավոք, հանցագործությունները երբեմն կատարվում են ազգային հողի վրա, և այս դեպքերում «հանցագործն ազգային պատկանելություն ունի», առնվազն՝ սոցիալական:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/438758172943131
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել