Գյումրիում սպանված ընտանիքի մասին Հայաստանում գրողների զգայական արձագանքը լակմուսի թղթի նման ցույց է տալիս զսպված զգացմունքների բացահայտման դիապազոնը. այս ահռելի հանցագործության նկատմամբ մեծ մասը, մարդկային միանգամայն հասկանալի ցավից զատ, արտահայտում է նաև բուռն վիրավորանք և ընդվզում վերջին տարիներին բաց տեքստով արտահայտվող և գնալով ավելի ու ավելի քաղաքականացվող ռուսական ոչ այնքան էթնիկական, որքան կայսերական շովինիզմի դեմ: ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշման նկատմամբ հայաստանյան հանրության մի մասի ակտիվ ընդվզումը լիովին կարող է ընկալվել կամ ներկայացվել որպես նացիոնալիզմ: Վերջ ի վերջո, շովինիզմը սովորաբար ծնում է նացիոնալիզմ՝ որպես ինքնապաշտպանական միջոց: Մարդկային պարզ հարաբերություններում սրանք երկուսն էլ սարսափելի խանգարող գործոններ են և, եթե նույնիսկ այդ զգացմունքները խնամքով թաքցվում են, դրանք, մեկ է, ազդում են հարաբերությունների վրա: Երկրորդ համաշխարհայինից հետո ԽՍՀՄ «ծայրամասային հանրապետությունների» ազգություններին հաճախ էին մեղադրում նացիոնալիզմի մեջ՝ որպես առիթ օգտագործելով «լեգեոներության» հանգամանքը: Ճիշտ է, լեգեոնների մեջ ընդգրկվել էին նաև մեծ թվով ռուսներ, ովքեր շատ ծանր հատուցեցին դրա համար, բայց, այնուամենայնիվ, նրանց «նացիոնալիզմի» մեջ չէին մեղադրում: Այլ կերպ ասած, ԽՍՀՄ-ը ռուսների հայրենիքը լինելով՝ նրանց «դավաճանությունը քաղաքական կամ եսասիրական էր», այլ ազգերինը՝ «նացիոնալիստական»: Այնքան տարածված էր «նացիոնալիզմի» մեղադրանքը, որ հանրապետություններում տեղակայված ԽՍՀՄ ռազմաբազաների ռուս զինվորականներն անընդհատ «տեղացիների» երեսին էին շպրտում «նացիոնալիստ շան որդի» արտահայտությունը: Նույնիսկ սպաները «զեկույցներ» էին գրում տեղացիների նացիոնալիզմի դրսևորումների մասին (օրինակ՝ Հայաստանում սպաներին բնակարաններով ապահովելու փոխարեն այդ անում են հայրենադարձների համար): Կամ օրինակ, դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Պետրուշինը, պատմելով Ախալքալակի և Ախալցխայի շրջաններ իր այցելության մասին հայտարարում է. ՙ«անցնելով գյուղերով, անմիջապես կարելի է որոշել, որտեղ են ապրում ռուսները, որտեղ տեղացի ազգությունները: Տեղական ազգությունների գյուղերում Հայրենական պատերազմի ոչ մի հաշմանդամ չես տեսնի, բայց բավական է մտնել ռուսական գյուղ, անմիջապես կտեսնես պատերազմի անոտք և անձեռք տուժվածներ»... Այս կարգի շատ փաստաղթեր կան ՀՀ Ազգային արխիվում: Եթե սրանք մասնավոր կարծիքներ են՝ ոչինչ, սակայն եթե սրանք դիվիզիայի հրամանատարի կողմից են ասվում, պատկերացրեք՝ ինչ ոգով կմտածեն զինվորները: Հիմա այս մարդասպան հանցագործ տղան: Նկարին նայելով՝ սովորական, մի քիչ էլ «ծեծված» տղա է: Ամենևին գանգստերական դեմք չունի: Ի՞նչ երաշխիք ունենք, որ նրա զգայական աշխարհը չի ազդվել «հայկական նացիոնալիզմի» մասին զառանցանքներից, հատկապես, որ կարծես թե Հայաստանում այնքան էլ երջանիկ չեն ռուսական ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից: Պատկերացնենք այդ տղայի ներաշխարհը. ռուսական ռազմաբազան Հայաստանում է հայ ժողովրդին պաշտպանելու, Հայաստանը պաշտպանելու համար, ինքը, իր նմաններն ստիպված են այստեղ ծառայություն իրականացնել՝ հերիք չէ, դեռ այստեղի անշնորհակալ հայերն էլ դժգոհ են իրենցից ու իր հայրենիքից: Կարո՞ղ է, չէ՞, այսպես ներշնչված լինել այս երիտասարդ տղան: Ինչու՞ սա պատճառ չի կարող լինել զգայուն խառնվածքի համար «վրեժ լուծելու» այս «անշնորհակալ նացիոնալիստներից»: Խորհելու բան է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/438447839640831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել