Այսօրվա սպանությունը կարելի է դիտել երկու դիտակետից, երկու հարց է առաջացնում, որոնց կարևոր է գրագետ պատասխան գտնել։
Առաջինը. ինչ է տեղի ունեցել՝ հայերի սպանություն ռուսի կողմից, թե ընտանիքի սպանություն անհատի կողմից անհայտ դրդապատճառներով։ Այս հարցում կարևոր է գիտակցել, որ ազգային հիմք փնտրելը բերելու է անտրամաբանական արդյունքների։ Սպանդն իրականացնելու մեջ է մեղադրվում մի անհատ, ով ըստ լուսանկարների, այդքան էլ առողջ տեսք չունի ու, ամենայն հավանականությամբ, կատարել է սպանդն անձնական վրեժխնդրության կամ հոգեկան հիվանդության պատճառով կամ որևէ այլ պատճառով։ Նույնը կասեի, եթե որևէ ազգության ներկայացուցիչ սպանդ իրականացներ որևէ ռուս ընտանիքի հանդեպ։ Անթույլատրելի, աննկարագրելի մեղք է, որի հիմքում է անհատը, ու ազգային հիմքեր չեմ տեսնում, ոչ էլ կան։
Երկրորդը. ինչ գործ ունեն ռուսները Գյումրիում։ Նույն բանն այսօր Թվիթերում մեկը գրեց, թե սա արդյունքն է թույլ տալու ռուսներին Հայաստանում ռազմաբազա ունենալ։ Հասկանում եմ, որ հավերժ թեմայի եմ դիպչում, որ բազմաթիվ մարդիկ երազում են, որ ռուսներ Հայաստանում չլինեն, քանի որ դա վտանգում է ՀՀ անկախությունը, սակայն սիրով կհամաձայնվեին եվրոպական որևէ «քաղաքակիրթ» զորքերի տեղակայմանը Հայաստանում, որ ռուսներն ընդհանուր առմամբ վատն են, իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները բարի, գեղեցիկ, զարգացած ու խորաթափանց։ Սակայն համոզված եմ, որ առաջինը, որ կցանկանար, որ Հայաստանում չլիներ որևէ այլ երկրի զորքեր, հենց Հայաստանն է, սակայն քանի դեռ Եվրոպան շարունակում է փոքր պետությունների հետ խոսել վերջնագրերի լեզվով, իսկ իրական անվտանգության ապահովման որևէ երաշխիքներ տալ չեն կարող՝ պնդելով, թե ԵՄ-ն զուտ տնտեսական բլոկ է, ուզում եք ասոցացվեք, ընդունեք մեր պահանջած օրինագծերը, իրականացրեք բոլոր բարեփոխումներն անխտիր, սակայն ոչ մի կերպ ձեր անվտանգությունը չենք պահելու, ռուսական ռազմաբազան միակ լուծումն է Հայաստանը Իրաքի կամ Սիրիայի օրը չգցելու դեմ։ Ո՞վ չի ուզում, որ Հայաստանում ոչ ռուսական, ոչ որևէ այլ ռազմաբազա չլինի, սահմանի այն կողմում տեղակայված ՆԱՏՕ հզորագույն միլիոնանոց բանակի դեմ կանգնած լիներ առնվազն նույն քանակի հայ զինվորներով բանակ՝ թուրքական սպառազինության առնվազն կեսի չափով զենքով, ո՞վ չէր ուզի, որ ռուսական վերջնագրերի դեմ ոչ թե լեզու ունենայինք խոսելու, այլ մտրակ ունենայինք, որով հնարավոր կլիներ ունենալ փափուկ ու պուպուշ Ռուսաստան, Թուրքիա ու ԵՄ։ Բայց քանի դեռ չենք ունենում ամեն ընտանիքում 6-7 երեխա մինիմում, քանի դեռ չենք ամուսնանում 20 տարեկանում, որ ևս 20 տարի հետո արդեն մեր երեխաներն ամուսնանան ու երեխա ունենան, քանի դեռ ասում ենք. «Ախպեր, մի անգամ ես ապրում, գնամ մի սիրուն պուպուշ տեղ ապրեմ», երեխաներիդ համար էլ ստեղծում ես նոր հայրենիք մեր երկրից հեռու, քանի դեռ այս ամենն իրական է, Գյումրիում կունենանք ռուսական ռազմաբազա ու բազմաթիվ ռուսներ լավագույն դեպքում կամ թուրքական բազա ու բազմաթիվ թրքեր վատագույն դեպքում։
Հ.Գ. Քանի դեռ չկա դատարանի որոշում, քանի դեռ ընթանում է նախաքննությունը, այդ զինվորը միայն մեղադրվում է սպանության մեջ, այլ ոչ իրականացրել է սպանությունը։ Անմեղության կանխավարկածը ոչ ոք չի արգելել։