Հարցն ուղարկել է 46-ամյա մի կին, ով չցանկացավ նշել անունը.

«Բարև Ձեզ, ես 46 տարեկան եմ, արդեն երկար տարիներ է՝ ամուսնացած եմ ու ունեմ զավակներ։ Մեր ընտանիքն ունի ավանդապաշտ ու լավ ընտանիքի համբավ, բայց մի խնդիր ունեմ. սիրահարվել եմ մի երիտասարդի, ով որդուս հասակակիցն է, և այժմ չգիտեմ՝ ինչ անել։ Դա նորմա՞լ է»։

Պատասխանում է հոգեբանը.

Հարգելի տիկին, սերը, կիրքը, գայթակղությունը և էմոցիոնալ այլ դրսևորումները նորմալ են մարդու համար գրեթե ցանկացաած տարիքում, եթե չկան պաթոգեն դրսևորումներ (սեր անչափահասների հանդեպ, օրինակ)։ Աննորմալ կլիներ, եթե մարդն էմոցիոնալ խնդիրներ ունենար կամ նրա էմոցիաները հիվանդագին դրսևորումներ ձեռք բերեին։ Այսքանը նորմալ լինելու մասին։

Սակայն մարդկային վարքը միայն էմոցիաներով չի պայմանավորվում, իսկ Դուք, ինչպես հասկացա, ակնկալում եք հենց վարքային դրսևորումներին վերաբերող պատասխան։ Որպես հոգեբան՝ ինձ համար տվյալ իրավիճակում այդքան էլ կարևոր չեն հարցի բարոյական ու էսթետիկական կողմերը, որպես այդպիսին։ Դրանք նշանակություն ունեն այնքանով, որքանով որ կարող են նպաստել Ձեր հոգեկան ներդաշնակության կայունությանն ու հակառակը։

Ինչպես նշեցի, մարդու վարքը միայն էմոցիաները չեն պայմանավորում։ Այն մեծապես պայմանավորված է մարդու մոտիվացիոն դաշտով ու դրա առանձնահատկություններով, իսկ այստեղ արդեն էմոցիաներից ոչ պակաս դեր են խաղում այնպիսի գործոններ, ինչպիսիք են տվյալ մարդու նպատակները, աշխարհայացքը, արժեհամակարգը և առաջնահերթությունները։

Դիցուք, Դուք հարաբերություններ եք սկսում այդ երիտասարդի հետ։ Արդյո՞ք Ձեր էմոցիոնալ պահանջմունքն իրականացնելու արդյունքում Դուք չեք բախվի էլ ավելի ֆունդամենտալ խնդիրների՝ ամուսնալուծություն, նոր հարաբերություններ, լարվածություն Ձեր երեխաների հետ։ Կրկնում եմ, հարցն այստեղ առաջնահերթություններն են։ Դուք այնպիսի մարդ եք, ում համար առաջնահերթություն է ընտանեկան բարեկեցությունը, զավակների ապահովությունը, այդ թվում նաև սթրեսներից, հանրային դրական կարծի՞քը (հարցում Դուք դրան հղում եք անում), թե՞ ձեր անձնական երջանկությունը։

Ասել կուզի, ինքներդ պետք է կողմնորոշվեք, թե որն է Ձեզ համար ավելի կարևոր՝ հարաբերությունները տվյալ երիտասարդի հետ, թե՞ նման հարաբերությունների բացասական ազդեցությունը Ձեր կյանքի մնացած ասպեկտների վրա, իսկ այստեղ հոգեբանությունն անզոր է, քանի որ հոգեբանը կարող է օգնել Ձեզ կողմնորոշվելու հարցում, բայց չի կարող ստանձնել որոշում ընդունելու կամ էլ այս կամ այն որոշումն առաջարկելու պատասխանատվությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել