1in.am-ը գրում է․

Հունվարի 10-ին ՌԴ-ում ուժի մեջ է մտել օրենք, որը թույլ է տալիս միգրանտներին Ռուսաստանում կեցության կարգը խախտելու համար մինչև 10 տարով զրկել այդ երկիր մուտքի իրավունքից:
Եվրասիական տնտեսական միության անդամ դարձած Հայաստանին, հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով որոշակի արտոնություններ տրվեցին։ ՀՀ քաղաքացին իրավունք է ստանում, առանց պետական տուրք վճարելու և աշխատանքային թույլտվություն ստանալու, միայն ՀՀ անձնագրով և աշխատանքային պայմանագրով, օրինականորեն մնալ և աշխատել Ռուսաստանի տարածքում. սա վերաբերում է նաև նրա ընտանիքի անդամներին: Ինչպես մեզ հետ զրույցում ասել էր ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը՝ Հայաստանին տրվել է նույն արտոնությունները, որոնք գործում են նաև Ղազախստանի քաղաքացիների համար:
Հունվարի 10-ից ուժի մեջ մտած օրենքը, ըստ որի՝ նախկինում միգրացիոն օրենսդրության խախտում թույլ տված քաղաքացիներին արգելվում է մինչև տասը տարի մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, վերաբերում է նաև խախտում թույլ տված մեր հայրենակիցներին:
Ռուսաստան մուտքի 10-ամյա արգելք է սահմանվում օտարերկրյա այն քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար, որոնք Ռուսաստանում իրենց նախորդ կեցության ժամանակ երկրից դուրս չեն եկել և օրենքով նախատեսված ժամկետի օրվանից Ռուսաստանի տարածքում են գտնվել ավելի քան 280 օր անընդմեջ: 5 տարի ժամկետով կարգելվի օտարերկրյա այն քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան, որոնք անօրինական կերպով Ռուսաստանի տարածքում գտնվել են 180 օրվանից ավել:
Ի դեպ՝ Հայաստանում բազմիցս խոսվել և բարձրացվել է «սև ցուցակում» հայտնված մեր հայրենակիցներին «ներում շնորհելու» հարցը: Վերջիններս հիմնականում նախորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքից անտեղյակ լինելով են խախտել ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը, սակայն Ռուսաստանի կողմից այս առումով որևէ քայլ չի արվել: Այսինքն՝ ՌԴ կիրառած «պատժամիջոցներն» ընդհանուր են բոլոր երկրների քաղաքացիների համար:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միգրացիոն փորձագետ Ռուբեն Եգանյանն ասաց, որ նախորդ տարվա վերջի տվյալներով Հայաստանից 200 հազար մարդ հայտնվել է այդ իրավիճակում, որոնց մուտքը 3-5 տարով արգելափակվել է Ռուսաստան:
Հիմնականում աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնած մեր հայրենակիցներից շատերը մինչ այս պահը վախենում են լքել Ռուսաստանի տարածքը, որովհետև լքելու դեպքում կհայտնվեն «սև ցուցակում», և դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակով Ռուսաստան մուտքի իրավունքը արգելված կլինի:
Դեռևս 5.5 ամիս առաջ Ռուսաստանից արտաքսված Արտյոմ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կրկին Ռուսաստան մեկնելու մտադրության ժամանակ է պարզել, որ այդ երկիր ժամանակավորապես մուտք գործելու իրավունք չունի: Մեր զրուցակիցը, փաստորեն, 3 ամսվա փոխարեն նախկինում 5 ամիս է անցկացրել Վոլգոգրադ քաղաքում՝ զբաղվելէ շինարարությամբ, որոշակի գումար կուտակել, ապա վերադարձել Հայաստան: Նա պատմեց, որ օրենքի մասին տեղեկացել է շատ մակերեսորեն՝ չի պատկերացրել կիրառման հնարավորությունը, և միայն այն ժամանակ բախվել խնդրի, երբ կրկին մեկնելու անհրաժեշտություն է առաջացել: «Չնայած հիմա Ռուսաստանում էլ վիճակը մի բան չէ, ռուբլին ընկած է, բայց դե, այստեղ էլ աշխատանք չկա: Սա ինչ նոր պատիժ էր՝ մենք էլ չհասկացանք»,- ընդգծեց մեր զրուցակիցը:



