Տավուշի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից ծնունդով լրագրող Գոհարիկ Աբրահամյանի հետ խոսելիս իմացա, որ գյուղի դպրոցի գրադարանը գեղարվեստական ու գիտահանրամատչելի գրքերի խնդիր ունի, առավել սուր է մանկական գրականության հարցը։ Ենթադրում եմ, որ մոտավորապես նույն վիճակում է Տավուշի սահմանամերձ գյուղերի դպրոցների գրադարանների մեծ մասը։ Ահա Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի մանկական գրքերի բաժինը.
Հիշելով անցյալում ազատագրված գյուղերի դպրոցական գրադարանների համար գրքահավաքներ կազմակերպելու փորձը (1, 2, 3, 4 և այլն)՝ որոշեցի այս անգամ էլ անմասն չմնալ ;)
Վերջնական թիրախը. Տավուշի մարզի առաջին գծի դպրոցների գրադարանները ապահովել հանրագիտարաններով, դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գեղարվեստական ու գիտահանրամատչելի գրականությամբ։ Մեր առաջին քայլը. մինչև հոկտեմբերի 15 գրքեր տանել Ներքին Կարմիրաղբյուր ու Այգեպար գյուղերի դպրոցներ։
Խոսեցի տարբեր մարդկանց հետ, մարդիկ ուրախությամբ համաձայնվեցին օգնել։ Օրինակ՝ տասնյակ գրքեր տրամադրեց կենսագիրների ակումբի նախագահ Հարություն Մինասյանը, նոր գրքեր տրամադրեց Բիլայնը (շնորհակալություն Անուշ Բեղլոյանին արագ արձագանքելու համար), ընդ որում միանգամից «առաջին գծի» բոլոր գյուղերի դպրոցների հաշվարկով.
Մի քանի գիրք էլ գնեցինք հնագրավաճառներից Հրաչյա Բարխուդարյանի հետ միասին։
Ինչ է պետք.
- Հայկական հանրագիտարան (13 հատոր) — 2 օրինակ
- Հայ դասականների գործեր
- Արկածային և այլ գեղարվեստական գրականություն
- Գիտահանրամատչելի գրքեր
Հանրագիտարանն արժե 25000–30000 դրամ, այսինքն առնվազն պետք է 50000 դրամ երկու օրինակի համար։ Լրացուցիչ պահանջվում է առնվազն 150000–200000 դրամ մնացած գրքերից գնելու համար։ Եթե ունեք վերը թվարկած թեմաներով գրքեր, որ պատրաստ եք տրամադրել, կամ կարող եք որոշ գումար տալ, ապա խնդրում եմ Ֆեյսբուքի կամ Կենդանի Մատյանի միջոցով կապվել իմ կամ Հրաչյա Բարխուդարյանի հետ։ Եթե էլի առաջարկներ ունեք՝ ասեք :)
Մասնակցե´ք, տարածե´ք։