Փարիզի սպանդը սպանդ չէր հանուն կրոնի, որքան էլ նույնիսկ իրենք՝ սպանդարարները համարեն, թե այդպես է։ Հարցն այստեղ ավելի խորքային է ու վերաբերվում է երկու տարբեր քաղաքակրթությունների աշխարհընկալմանը։ Տեղին չէ համեմատելը կրոնական սկզբունքները, որ ամրագրված են յուրաքանչյուրի սուրբ գրքերում։ Դրանցում հնարավոր է գտնել անթիվ-անհամար իրարամերժ հայտարարություններ ու արհեստականորեն մեկնաբանված դրվագներ։
Նախ պետք է հասկանալ, որ կրոնի կատարած գործառույթն Աստված-պապիկին հավատալ ցանկացողներին համախմբելու մեջ չէ։ Կրոնը եղել է ու այժմ էլ բազմաթիվ երկրներում կատարում է բարոյականության թելադրողի դեր, մի համակարգ, որը կանոնակարգում է մարդկանց կյանքը հասարակության մեջ, սահմանում է՝ ինչն է բարին, ինչն է չարը, ինչպես կարելի է վարվել, իսկ ինչպես վարվել չի կարելի։ Տարբերությունը եվրոպական մեյնսթրիմի ու մահմեդական աշխարհի միջև նրանում է կայանում, որ հին աշխարհում այսօր ձևավորվել է նոր բարոյականության համակարգ՝ մարդակենտրոն աշխարհ, որում անհատ անձը ինքն է որոշում՝ ինչն է բարին, ինչն է չարը, որտեղ անհատի իրավունքներն անսահման են այն աստիճան, որքան դա չի ոտնահարում մեկ այլ անհատի իրավունքները, իսկ վարվելակերպը սահմանում է ինքը անհատը։ Չկա անթույլատրելի, չկա անբարոյականություն, չկա չարիք, կա միայն բարիք այնքան, որքանով այն չի ոտնահարում կողքինիդ բարիքը։ Այդ է պատճառը, որ Եվրոպայում այսօր քրիստոնեությունը դադարել է գրավել այն դոմինանտ դերը, որ գրավել է մինչ այդ։
Իսկ մինչ հին աշխարհը զարգանում, բարգավաճում, բարիանում ու նոր սկզբունքներ է ձևավորում, մահմեդական աշխարհը չի ստեղծել իր համար ավելի հարմար ինքնակառավարման մեխանիզմ, քան Ղուրանն է։ Դեռ շատ երկար տարիներ կպահանջվեն, որ այդ հասարակարգը ստեղծի իր համար մի որևէ հարմար մեխանիզմ, քան այն, որ գործում է արդեն մոտ 15 դար։ Ընդ որում ստեղծի ինքնուրույն, սեփական ուժերով, այլ ոչ մտրակի ուժով արտաքին ուժերի կողմից։ Խաչակրաց արշավանքներն արդյունք չեն տվել, ու նույնն է իրավիճակը Եվրոպան բնակեցնող մահմեդականների շրջանում։ Գետտոներում գործող հայրերի բարքերը փոխել չի կարող ԵՄ կողմից ֆինանսավորվող ինտեգրացիոն որևէ նախագիծ։
Ու դա է պատճառը, որ նման սպանդեր կկրկնվեն ավելի ու ավելի հաճախ՝ կախված տեղի եկվորների ավելացող թվի հետ։ Այդ առումով կանխատեսումս դրական չէ հին եվրոպացիների համար։ Այն օրերին, որ դուք ստեղծում էիք ձեզ նոր ազատ բարոյականություն, նրանք շարունակում էին աշխարհն ընկալել իրենց հարմար ապակու միջից։ Այդ է պատճառը, որ մինչ ամեն մեկդ պաշտպանում եք ձեր անհատական բարոյականությունը, ձեր անհատական իրավունքներն ու խոսքի ազատությունը, նրանք պաշտպանում են իրենց հասարակարգի ինքնակառավարման մեխանիզմը, ու Աստծու նկատմամբ հավատքը կամ կրոնական օրենքներում գրառված մանր հակասություններն այստեղ անելու բան չունեն։ Խոսքը երկու իրարամերժ համակարգերի մասին է, որոնցից մեկը թույլատրում է ամեն ինչ, մյուսը սահմանափակում է այն ամենը, ինչն իր համար համարում է վտանգավոր։ Ու այդ է պատճառը, որ հին հետքրիստոնեական Եվրոպան կպարտվի, իսկ նոր մահմեդական Եվրոպան կհաղթի։