Times.am-ը գրում է․

2015 թվականի սկիզբն ազդարարեց հերթական բոթը. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Երեք օր անց տեղեկություն ստացվեց ևս երկու զոհերի մասին։ Անցած տարվա երկրորդ կեսի իրադարձությունների լույսի ներքո ադրբեջանցիների այս հերթական սադրանքները հայ հասարակության կողմից ընկալվեցին որպես կանխատեսելի իրողություն։ Եվ դա հասկանալի է…

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված նոր իրավիճակը հանգամանալից ուսումնասիրության և վերլուծության կարիք ունի։ Չնայած նրան, որ անցած տարին ծանրաբեռնված էր Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներով, Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերով և այլն, փաստ է, որ խնդրի խաղաղ լուծման հնարավորությունների որոնման տեսանկյունից այն կորսված է հակամարտող կողմերի և միջազգային հանրության համար։ Ավելին` 2014-ը դարձավ մի նոր իրողության սկիզբ, որի բնութագրումը դեռևս հստակեցված չէ ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ քաղաքագիտական և ո՛չ էլ լրագրողական համայնքների կողմից։ Բոլորը հասկանում են, որ տարածաշրջանում կարևոր հանգամանքներ են ի հայտ եկել, փոխվել են գործընթացների որակական հատկանիշները, արտաքին ազդեցության նոր լծակներ են ավելացել և/կամ պակասել, փոխվել են հարավկովկասյան երկրների քաղաքականության իրականացման մեթոդներն ու գործիքները և այլն։ Հասկանալի է նաև, որ այս գործընթացները դեռևս զարգացման փուլում են, և շատ դժվար է ասել, թե երբ ավարտուն տեսքի կգան։ Բայց ամենակարևոր հարցը, որը վերաբերվում է հիշատակված փոփոխությունների տրամաբանական հիմքերին, կարծես, շարունակում է անորոշ մնալ։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ստեղծված նոր քաղաքական իրավիճակը հետազոտելու և լիովին հասկանալու բավական նյութ կա։ Անհրաժեշտ է միայն համադրել և վերլուծել վերջին տարիների անցուդարձն ու գոյություն ունեցող փաստերը, ինչն էլ կփորձենք անել այս հոդվածի շրջանակում։

2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստրոագրման շեմին կանգնած Հայաստանի արտաքին քաղաքականության այս կտրուկ շրջադարձը պայմանավորված էր մի շարք հանգամանքերով։ Պաշտոնական տեսակետի համաձայն Հայաստանը չէր կարող լինել անվտանգության մեկ համակարգում, տնտեսական` մեկ այլ։ Բացի այդ նշվում էր, որ ԵՄ-ն իսկզբանե տնտեսական այլ միավորումներին` Հայաստանի անդամակցության արգելքի մասին պայման չէր դրել։ Մինչդեռ 2013 թվականի առաջին կեսերին նման պահանջներ էին սկսել հնչել։ Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ Բրյուսելն ու Մոսկվան Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրներում ազդեցություն պահպանաելու համար լուրջ պայքարի են նախապատրաստվում։ Թերևս աշխարհաքաղաքական այդ նոր զարգացումների կանխատեսումն էր, որ դարձավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության առիթը, համաձայն որի տարածաշրջանում 3-4 տարի անց էական փոփոխություններ են լինելու։ Երկրի ղեկավարի նույն այդ հաշվարկը հուշեց, որ անհրաժեշտ է Հայաստանը օր առաջ դուրս բերել Ռուսաստան-Արևմուտք հասունացող հակամարտության կիզակետից։ Ինչն էլ արվեց մեծ հաջողությամբ և բավարար չափի վարպետությամբ։

Սակայն աշխարհաքաղաքական երկրաշարժը, որը կանխատեսվում էր 3-4 տարի անց, տեղի ունեցավ շատ ավելի շուտ։ Ուկրաինան չեզոքացրեց Ռուսաստանի և Արևմուտքի միջև ձևավորված փոխըմբռնման մթնոլորտը հետխորհրդային տարածաշրջանում...

Ժամանակին առիթ ունեցել եմ գրելու այն մասին, որ Ուկրաինայում սկիզբ առած ճգնաժամի հիմքերը հասնում են Ռուսաստանի՝ հետխորհրդային տարածաշրջանում դիրքերի ուժեղացման, Եվրասիական միություն ստեղծելու քաղաքականությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ այդ ամենի հետ չհամաձայնվելու վճռականությանը: Իհարկե, Վաշինգտոնում և Բրյուսելում վաղուց էին մշակվել Ռուսաստանը համապատասխան սահմաններում պահելու ծրագրեր: Սակայն 2008 թվականի վրաց-օսական պատերազմից հետո ձախողվեց դրանցից առաջինը՝ ՎՈՒԱՄ-ը, իսկ 2013 թվականի երկրորդ կեսում՝ նաև երկրորդը՝ Արևելյան գործընկերությունը: Ընդ որում, պետք է նշել, որ ՎՈՒԱՄ-ը ամերիկյան, իսկ Արևելյան գործընկերությունը՝ եվրոպական ծրագրեր էին: Դրանք միմյանց փոխլրացնող չէին, այլ ճիշտ հակառակը՝ մրցակցող: Եվ հենց այստեղ է պետք փնտրել թե՛ առաջինի և թե՛ երկրորդի տապալման պատճառները: Սակայն ԱՄՆ-ում և Եվրոպայում նախընտրել են կենտրոնանալ ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական սխալների ուղղման վրա: Արևմուտքում հասկացել են, որ Ռուսաստանը զսպելու՝ նրա ակտիվությունը սահմանափակելու համար «փափուկ ծրագրերը» (ինչպիսիք էին ՎՈՒԱՄ-ն ու Արևելյան գործընկերությունը) արդյունավետ չեն: Անհրաժեշտ է ավելի կոպիտ մոտեցում, որի իրականացումն էլ դարձավ աշխարհաքաղաքական կարևոր փոփխությունների պատճառ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել