Pastinfo.am-ը գրում է․
2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3% գնաճ, ընդ որում՝ սննդամթերքի գները նշված ժամանակահատվածում աճել են 5.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, ծառայություններինը՝ 0.7%-ով:
 
Նման եզրահանգման են հանգել Ազգային վիճակագրական ծառայության մասնագետները՝ ուսումնասիրելով անցած տարվա ընթացքում տեղի ունեցած գնաճի ընդհանուր պատկերը:
 
Հիշեցնենք՝ հատկապես տարվա վերջին 2 ամիսներին էր, որ գրանցվեց գների ամենակտրուկ տատանումը՝ կապված դրամի կտրուկ արժեզրկման հետ:
 
Ի դեպ, ԱՄՆ դոլարը թանկացավ միանգամից 13%-ով: Համարժեք չափով թանկացան նաև մի շարք առաջին անհրաժեշտության, այդ թվում՝ պարենային ապրանքներ: Սակայն, ԱՎԾ-ն հայտարարում է, որ նոյեմբեր ամսվա համեմատ գոնե սննդամթերքի գներն աճել են առավելագույնը 5.1%-ով:
 
«Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.7-4.0%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.7%-ով»,- գրում է ԱՎԾ-ն:
 
Եվ, այդուհանդերձ, վիճակագիրներն իրենց վերլուծության մեջ չեն թաքցնում, որ որոշ պարենային ապրանքներ տարեվերջի 2 ամիների ընթացքում ավելի քան 18% գնաճ են արձանագրել:
 
Օրինակ՝ կաթնամթերքը թանկացել է 5.8%-ով, սուրճը, թեյը, կակաոն՝ 6.1%, միրգը՝ 8.3%, շաքարավազը՝ մինչև 15.4%, իսկ բանջարեղենն ու կարտոֆիլը՝ 18.2%-ով: Միայն կանաչ սոխի գինն աճել է 20.3%-ով, իսկ խառը կանաչին թանկացել է միանգամից 41.2%-ով:
 
Արդյունքում՝ միայն բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են 14.4-36.2%-ով: Թանկացել են նաև հացամթերքն ու մսամթերքը: 
 
Բայց ինչպե՞ս է ստացվել, որ նման գնաճի պայմաններում սննդամթերքի գնաճը ԱՎԾ մասնագենտները գնահատել են ընդամենը 5.1%: Շատ պարզ. ԱՎԾ-ում գտել են այնպիսի ապրանքներ, որոնք այդ նույն ժամանակահատվածում նույնիսկ էժանացել են: Օրինակ՝ ուսումնասիրված 140 անվանում պարենային ապրանքներից 12-ում արձանագրվել է 0.3-18.2% գնաճ, իսկ ձկնամթերքի ապրանքախմբում՝ 0.3% գնանկում: Միաժամանակ, կիտրոնի գինը, օրինակ, նվազել է 7.2%-ով, մանդարինինը՝ 6.2, նարնջինը՝ 5.3%-ով, տավարի մսինը՝ 0.3%-ով:
 
Այսպիսով՝ միջինացված ցուցանիշով, ԱՎԾ մասնագետներին հաջողվել է մեղմել գնաճի պատկերը:
 
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին ու ծառայություններին, այստեղ ևս թվերը բավական խոսուն են:
 
Դեղորայքը թանկացել է 0.8%-ով, շինանյութերը՝ 1.5, ոսկերչական ապրանքները՝ 4.6, կոշկեղենը՝ 2.5, հագուստը՝ 1.8, գրենական պիտույքները՝ 0.7%-ով: Իսկ բենզինն ու դիզելային վառելիքը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ թանկացել են համապատասխանաբար 2.6 և 3.5%-ով:
 
Ծառայությունների ոլորտում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.7% աճ, ինչը, ըստ ԱՎԾ-ի, պայմանավորվել է հիմնականում իրավական ու բանկային՝ 0.7%, հանրային սննդի` 1.3%, տրանսպորտի՝ 4.2%, հանգստի կազմակերպման 6.4% գնաճով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել