Ռուսաստանը տրանսսեքսուալ ու տրանսգենդեր մարդկանց զրկել է վարորդական վկայական ստանալու իրավունքից։ Ֆետիշիզմով, վուայերիզմով ու էքզիբիցիոնիզմով տառապող մարդկանց այս երկրում ևս արգելված է մեքենա վարել։ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ իրենք խստացնում են վարորդների բժշկական վերահսկողությունը վարորդների նկատմամբ, քանի որ Ռուսաստանում չափազանց շատ են ճանապարհատրանսպորտային պատահարները։ Այս «սև ցուցակում» ընդգրկվել են նաև խաղամոլությամբ ու կլեպտոմանիայով տառապող մարդիկ։ Ռուսաստանի հոգեբուժական ասոցիացիայի աշխատակից Վալերի Եվտուշենկոն իր մտահոգությունն է արտահայտել վարորդական իրավունքի տրամադրման սահմանափակումների առնչությամբ։ BBC-ի ռուսաստանյան ծառայությանը տված հարցազրույցում նա ասել է, որ որոշ մարդիկ կսկսեն խուսափել հոգեբուժական օգնության դիմելուց՝ վախենալով, որ իրենց նկատմամբ դրանից հետո կարող են կիրառել վարորդական արգելքը։ Մի շարք իրավապաշտպաններ այս նոր օրենքը խտրական են համարել, սակայն Պրոֆեսիոնալ վարորդների միությունը սատարել է կառավարության այս քայլը։ Միության նախագահ Ալեքսանդր Կոտովն ասել է.
Մեզ մոտ չափից ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում, որոնք ավարտվում են մահվան ելքով։ Ես հավատացած եմ, որ վարորդական իրավունք ստանալու դիմած անձանց համար բժշկական չափորոշիչների խստացումը լիովին արդարացված է։
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ այդ չափորոշիչները չպետք է այդքան խիստ լինեն ոչ պրոֆեսիոնալ վարորդների համար։



