Նորից բազմաթիվ անմեղ զոհեր: Նորից թերացած հատուկ ծառայություններ: Նորից կեղծավոր իշխանություններ: Հերթական արյունալի ներկայացումը:
Սպանվեցին մի լրատվամիջոցի լրագրողներ, որը հանդիսանում էր պոտենցիալ թիրախ մահմեդական ծայրահեղականների համար, պետք է լիներ ոստիկանության հսկողության տակ, և որի գլխավոր խմբագիրը ոստիկանության պահպանության տակ էր: Ահաբեկիչներ, ովքեր դիմակներով էին և սկզբում հայտնի չէր, թե նրանք ովքեր են, բայց գործում էին ինչպես պրոֆեսիոնալ զինվորներ: Հետագայում պարզվելու էր, որ շատ անփույթ են գտնվել, ավտոմեքենայում մոռացել են իրենց անձնագրերը և բացահայտել էին իրենց իրական դեմքերը: Պարզվելու էր նաև, որ նրանք պետք է լինեին ոստիկանության մշտական հսկողության տակ, քանի որ նախկինում մեղադրվել էին ահաբեկիչներին աջակցելու մեջ, և նրանցից մեկը նույնիսկ դատապարտվել է:
Չեմ կարող պնդել, բայց կարծես թե ահաբեկիչների անունները ԶԼՄ-ներով հայտարարելուց հետո նրանք նոր պատանդներ վերցրեցին: Այնպիսի տպավորություն էր, որ նրանց ստիպեցին այդ քայլին գնալ:
Ո՞ւմ էր պետք, որ այս ամենը տեղի ունենար Փարիզում, կարելի է միայն ենթադրել:
Միգուցե սա Օլանդի՞ն էր պետք, ում իշխանության հանդեպ վստահությունն ահավոր ցածր է, և նրան պետք էր միավորել հասարակությանը նրա շուրջ: Միգուցե դա պետք էր նրա՞ն, որ տնտեսական այս ծանր պայմաններում արդարացնի ավիակիրի ուղարկելը Պարսից ծոց:
Կամ էլ սա պետք էր Օլանդի ընդդիմադիրներին, որ ցույց տան, թե ինչքան թույլ է նրա իշխանությունը, որը տնտեսական խնդիրները լուծելու անունակությունից բացի՝ չի կարողանում լուծել նաև անվտանգության խնդիրները:
Շատ հնարավոր է, որ սրանք իրականում էլ մոլեռանդ մահմեդականներ էին, բայց եթե մի կողմից նրանք ավելացրեցին սարսափը մահմեդականների հանդեպ, ապա մյուս կողմից էլ աճեց զայրույթն ու ատելությունը նրանց հանդեպ:
Իսկ սա այն է, ինչին տարիներ շարունակ տանում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: Նրանց արտաքին քաղաքականության արդյունք է նաև «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Ասելու, մեղադրելու և պահանջելու շատ բան կա, բայց կավարտեմ հետևյալով, որ իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում տուժում են շարքային քաղաքացիները: Եթե հույս ունես, որ տանիցդ դուրս կեղտոտելով՝ տանդ ներսում մաքուր կմնա և հոտ չի գա, ապա իմացիր, որ այդ կեղտը ոտքի հետ քո տուն էլ է գալու։
Հ․Գ․ Երբ Սիրիայում և Իրաքում կոտորում էին եզդիներին, գերմանաբնակ որոշ մահմեդականների հետ ունեցած մասնավոր զրույցներում նրանք չէին թաքցնում իրենց իրական վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ։ Նրանք համարում էին, որ դա մահմեդականներին վնասող անհավատների դեմ ուղղված պայքար է։ Այս ամենը խորը մտորելու տեղիք է տալիս։