1in.am-ը գրում է․

Թուրքական քեմալական «Օդա թիվի» լրատվամիջոցի սյունակագիր, գրող, վերլուծաբան Ջունեյթ Աքալընը փորձել է հասկանալ, թե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ինչ նշանակություն կունենա Հարավային Կովկասի և, մասնավորապես, Թուրքիայի համար:
Աքալընը գրում է, որ ԵՏՄ ստեղծումը նոր իրավիճակ է ձևավորում տարածաշրջանում, իսկ այդ քայլը և´ ներքին, և´ արտաքին տեսանկյունից կարևոր արդյունքներ կարող է տալ Հայաստանին, բացի այդ, այս հարցում դրականն է տեսնում նաև Թուրքիայի համար:
Թուրք հեղինակը գրում է. «ԵՏՄ-ն մեծացնում է սահմանները, և Հայաստանը, որը տարածաշրջանային ծրագրերից դուրս մնացող, արտաքին կախում ունեցող տնտեսությամբ աղքատ երկիր է, նոր փուլ է մտնում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը 1-2 տարում դրական աճ է ապահովելու: Հայաստանի տեսանկյունից սա ավետիսի նման մի բան է: Չորս կողմից շրջապատված Հայաստանն, այս ինտեգրացիայից շահելով, կարող է շունչ քաշել:
Բացի այդ, Թուրքիայի նկատմամբ թշնամության պատճառով վերջին տարիներին հույսը Արևմուտքի, Եվրամիության վրա դրած Հայաստանը, ԵՏՄ-ին միանալով, կարելի է ասել` Եվրոպային երկրորդ պլան է մղում»,-նշում է հեղինակն ու անցնում խնդրի գնահատմանը Թուրքիայի տեսանկյունից. «Խորհրդային Միության տարիներին հայ-թուրքական հարաբերությունները որոշակի կայունություն էին ձեռք բերել, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային ասպարեզում այս հարցը կրկին ակտիվացավ: Լավ ենք հիշում, թե վերջին տարիներին ԱՄՆ և ԵՄ կողմից Հայկական հարցն ինչպես է օգտագործվում…
Պուտինի աշխատակազմը Կովկասում արտաքին միջամտությունից խուսափելու համար փորձում է նվազեցնել Հայաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը: Երբ Եվրասիայում նվազում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի քաղաքական ազդեցությունը, տարածաշրջանի համար այն դրական նշանակություն է ունենում: Խաղաղություն է հաստատվում, տնտեսական առաջընթաց է նկատվում: Հայաստանի եվրասիական քայլը սրա վերջին օղակն է: Որքան Հայաստանի իշխանություններն Արևմուտքի` Թուրքիայի դեմ սերմանվող թշնամությունից հեռու մնան, այնքան խաղաղության համար ավելի բարենպաստ միջավայր կձևավորվի»,-գրում է թուրք հոդվածագիրը:



