Ուշանում է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, թե ով կլինի ՀԱԿ նախագահի թեկնածուն: Շատերը պնդում են, որ ԼՏՊ-ի այս քայլը միտումնավոր է և նպատակ ունի անականկալի բերել իր քաղաքական մրցակիցներին, մյուսներն էլ ասում են, որ առաջին նախագահը պարզապես զգում է, որ ձախողվելու է և կընտրի չխայտառակվելու տարբերակը:
Քննարկենք երկրորդ տարբերակը, որի հավանակությունն ավելի մեծացավ հատկապես Անկախության տոնին ԼՏՊ-ի ելույթից հետո:
Վերջին ամիսներին նախագահի հավակնություն ունեցող ՀԱԿ լիդերները հայտարարել են իրենց մասին մամուլի հրապարակումներում և ելույթներում: Ու չնայած բոլորն էլ իրենց իսկական դիվանագետի պես պահեցին՝ ասելով, որ ՀԱԿ լավագույն թեկնածուն կա ու կմնա հիմնադիր նախագահը, այունամեանյնիվ պարզ է, որ ԼՏՊ-ի չառաջադրվելու դեպքում ՀԱԿ-ում իսկական պայքար է սկսելու: Պայքար, որն ամենայն հավանականությամբ պառակտման կտանի: Ի դեպ նոր պառակտման առաջին սերմերն արդեն տնկված են. Խոսակցությունները հատկապես վերջին օրերին շատացել են առ այն, որ Նիկոլը կլքի ՀԱԿ-ը. Ասում են տարաձայնություններն են շատացել:
Եվ այսպես արանքից հանելով նախագահի աթոռի նկատմամբ հավակնություններ ունեցող մանր-մունր ՀԱԿ-ականներին, կարելի է կազմել ֆավորիտների հետևեյալ ցուցակը՝
Լևոն Զուրաբյան: Զուրաբյանի տարբերակն իրոք վատը չէ: Մարդը խելացի է, տրամաբանող, քաղաքականապես գրագետ և բացի այդ 90 տոկոս հարցերում կիսում է ԼՏՊ-ի տեսակետները: Պատահական չէ, որ ԼՏՊ-ն հենց նրան է տեսնում որպես իր հետնորդ և նույնիսկ հասցրել է նրա թեկնածությունը ներկայացնել կուսակիցներին: Չնայած վերջերս խոսակցություներ կան, որ Զուրաբյանը նաև Կրեմլի դաբրոն է ստացել, բայց ՀԱԿ-ում կարծես թե նրան չեն ընդունում ու առաջնորդի դերում չեն տեսնում: Զուրաբյանը հրաշալի տարբերակ է նրանց համար, ովքեր ԼՏՊ մեծ երկրպագու են և ուզում են Զուրաբյանի հաղթելու դեպքում առաջին նախագահը շարունակի դե ֆակտո ղեկավարել երկիրը:
Արամ Մանուկյան: ՀՀՇ առաջնորդի հավակնությունները նույնպես ռեալ են, չնայած վերջինս դրանց մասին բավական նրբորեն է ակնարկում: Իսկ շանսերը… ընտրություններում հաղթելու շանսերը, թերևս, հնարավոր բոլոր թեկնածուների միջից ամենափոքրն են: 20 տարի առաջ կարդացած անկախության հռչակագրից բացի Մանուկյանը կարծես թե այլևս ոչնչով աչքի չի ընկել այս ընթացքում: Եթե խոսում ենք նախագահականից հետո երկրում արմատական փոփոխությունների ու ուժեղ լիդերի մասին, ապա երկրի գլխավոր ՀՀՇ-ականը մեր նախընտրելի թեկնածուն չէ:
Հրանտ Բագրատյան: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դպրոցն անցած ու գրեթե նույն՝ իրականության հետ քիչ կապ ունեցող մտքերով Բագրատյանը նույնպես ՀԱԿ-ի հավանական թեկնածուների շարքում է: Նրա տիտողոսները, վերջին շրջանում ագրեսիվ կոչերի, բաց նամակների ու երկրում կատարվող սխալների նկատմամբ անհանդուրժող լինելը չկարողացան կոտրել պատկերացումներն իր անձի մասին և շատերը նրան շարունակում են ընկալել որպես 90-ականներին երկիրը վարի տալու հիմնական պատասխանատու: Բագրատյանը լավ տեսաբան է, բայց վատ իրագործող: Բացի այդ նրան քաղ գործիչ անվանելն էլ դժվար է: Նույնիսկ ինքը վերջերս հայտարարեց, որ քաղաքական գործիչ այդպես էլ չդարձավ: Նա լավ տնտեսագետ է, ում մաքսիմում կարելի է վստահել երկրի տնտեսական քաղաքականության պատասխանատուի պաշտոնը: Չնայած դժվար է պատկերացնելը, որ ՀԱԿ-ում միակարծիք կլինեն այս թեկնածուին առաջադրելու շուրջ, բայց չի բացառվում նաև, որ ամբիցիոզ Բագրատյանը ՀԱԿ աջակցությունը չստանալու դեպքում կարող է ինքնաառաջադրվել ու դրանով ՀԱԿ-ի վերջի սկիզբը դնել:
Նիկոլ Փաշինյան: Լավ հռետոր, նորարական մտքերով լեցուն, խելացի, ռեալիստ մարդ, բնավորությամբ լիդեր Նիկոլ Փաշինյանը մեկն է, ով իրոք կարող է ՀԱԿ-ին նոր շունչ տալ ( եթե ՀԱԿ-ի կարծրացած ուղեղները թողնեն իհարկե): Նիկոլը պայքարող կերպար է, նստած դուրս եկած, միշտ ինտրիգների մեջ: Հայերը նմաններին սիրում են: Նիկոլի հետ է նաև ՀԱԿ երիտասարդությունը, ինչը շատ կարևոր է: Նրան իրավամբ կարելի է Հայստանյան Սահակաշվիլի անունը տալ, վստահ լինելով, որ հաջողելու դեպքում նույնչափ կրեատիվ ու բարեփոխող է լինելու: Ըստ իս այսօր Նիկոլը լավագույնն է ՀԱԿ բոլոր հնարավոր թեկնածուներից, բայց շանսերը, որ ՀԱԿ-ում նրա թեկնածությունը կսատարեն չնչին են: Իհարկե ավելի հակված եմ Նիկոլին 2018-ի ընտրությունների երկրորդ փուլում տեսնելու, բայց այսօր էլ նա ունակ է ավելի շատ ձայն տանել, քան թվարկածս թեկնածուներից յուրաքանչյուրը:
Խաչատուր Սուքիասյան: Արի ու տես Գռզոն նույնպես նախագահի հավակնություններ ունի: Բայց հուսով եմ նրա ռեալիզմը ի վերջո կհաղթի ամբիցիաներին և չի առաջդրվի: Սիրված գործարարի շքանշանը պատվով կրող Սուքիասյանը իրականում շատ քիչ է տարբերվում ասենք Լֆիկից, Դոդից մյուս օլիգարխներից: Հավանականությունը գրեթե 1-ին 1 է, որ հոգեբանությամբ օլիգարխ Գռզոն երկրի չարիքների դեմ պայքարելու փոխարեն գահի գալով կփորձի իր հին ու լավ օերրը հետ բերել: Նրան ճանաչում ու սիրում են Երևանում, բայց մարզերում Սուքիասյանի մասին քիչ պատկերացում ունեն: Չնայած հավանականություն կա, որ ՀԱԿ-ի գլխավոր օլիգարխը ֆինանսական խթանի դիմաց կարող է համոզել նյութապես անապահով ԼՏՊ-ին իրեն առաջադրել, բայց հուսով եմ իր լոկալ հայտնիությունը հաշվի առնելով Գռզոն ճիշ որոշում կկայացնի և ներդրումը կանի մեկ այլ թեկնածուի վրա:
Հ.Գ. Միտումնավոր չեմ քննարկում ՀԱԿ-ի՝ ԲՀԿ-ին սատարելու տարբերակը, որովհետև դրան պարզապես հավատալ չեմ ուզում: Նման դեպքում ընդդիմությունը պարզապես կմեռնի: