Panorama.am-ը գրում է․
«Ի՞նչ է իմ կյանքը: Դարդ. ահա նրա հավերժական ձևը: Իմ ողջ կյանքը շարժման մեջ է դրել նախանձը: Ես նախանձեցի գեղեցիկին ու դարձա համակրելի, ես նախանձեցի խելոքներին ու դարձա անսպասելի: Նախանձեցի տաղանդավորներին ու դարձա հանճար:
Ես չունեմ պաշտոնական կոչումներ ու պարգևներ: Ես ոչ մեկն եմ: Ապրում եմ Թիֆլիսում, իմ ծեր ծնողների տանը, և երբ անձրև է գալիս, քնում եմ անձրևանոցով ու երջանիկ եմ, քանի որ դա նման է Տարկովսկու ֆիլմերին:
Ուրիշների արարքներին վերաբերվեք այնպես, կարծես թե ձեզ ընդամենը մեկ օր է մնացել ապրելու. ինքներդ վարվեք այնպես, կարծես թե դուք դեռ մի դար էլ ապրելու եք»,-90 տարի առաջ հենց այս օրն է Թբիլիսիում ծնվել խոսքերի հեղինակ, տաղանդաշատ արվեստագետ Սերգեյ Փարաջանովը:
Մանկուց Ս. Փարաջանովը նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց). դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին:
Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:
1968 թ-ին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը ձեռնամուխ է լինում միջնադարյան հայ պոետ, աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծմանը (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ): Սուրեն Հասմիկյանի վկայությամբ, սկզբում Փարաջանովը ցանկանում էր ֆիլմն անվանել՝ «Աշխարհումս»: Այս ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի: ««Նռան գույնով» Փարաջանովը կինոն մի քանի տասնամյակ առաջ մղեց»,- ասել է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



