Tert.am-ը գրում է․

Հայ–ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածություն ստեղծելով Ադրբեջանի իշխանությունը ներքին և կարճաժամկետ հարցեր է լուծում և կրկին հիշեցնում է ադրբեջանական քարոզչության այն թեզը՝ «Մինչև չհանձնեք Լեռնային Ղարաբաղը, ձեզ հանգիստ չենք տա»: Tert.am-ի հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանին տարեսկզբյան լարվածության մասին նման տեսակետներ հայտնեցին  «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և քարոզչության ոլորտի հետազոտող, «Ռազմինֆո» ռազմական լուրերի կայքի համակարգող  Կարեն Վրթանեսյանը։

Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի տոնական ուղերձը, որտեղ վերջինս ակնարկել էր, թե իբր հայերին այս տարի հանգիստ չեն տալու,  Կարեն Վրթանեսյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ որևէ նոր բան չկա, որովհետև դա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է և պաշտոնական քարոզչության հիմնական ուղերձներից մեկը. «Մինչև չհանձնեք Լեռնային Ղարաբաղը, ձեզ հանգիստ չենք տա»։ «Այս ուղերձը հաճախ հնչում է նաև Ալիևի հայտարարություններում, Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարություններում և այլն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե փաստորեն Ադրբեջանն արդեն բացահայտ իր ռազմատենչ հայտարարություններն իրականացնում է՝ ոտնահարելով միջազգային բոլոր նորմերը՝ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ դա էլ իրականում նորություն չէ, հայկական կողմին անընդհատ լարված վիճակում, անընդհատ հոգեբանական ճնշման տակ պահելու քաղաքականությունն է։

Ինչ վերաբերում է միջազգային նորմերը ոտնահարելուն, նա նկատեց, որ Ադրբեջանի համար դա ևս նորություն չէ: «Ավելին՝  փորձը ցույց տվեց, որ Իլհամ Ալիևի վարչակարգը կարող է հրապարակային ապտակներ հասցնել նույնիսկ ԱՄՆ-ին՝ շինծու մեղադրանքներով ձերբակալելով ամերիկյան ռադիոկայանի («Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան – Tert.am)Բաքվի մասնաճյուղի լրագրողին, վերջիվերջո՝ փակելով այդ ռադիոկայանի գրասենյակը, իսկ նավթային ընկերությունների լոբբիստական խմբերի ազդեցության տակ գտնվող ԱՄՆ իշխանությունները այդ ապտակները խելոք-խելոք կմարսեն»,-ասաց  նա:

Կարեն Վրթանեսյանը նաև ավելացրեց, որ ԱՄՆ իշխանությունների այդ տեսակ կրավորական կեցվածքը ցույց է տալիս, որ Բաքվի հետ հարաբերություններում Հայաստանը պիտի միայն ու միայն իր սեփական ուժերի վրա հույս դնի՝ մասնավորապես զինված ուժերի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել