«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալության վերաբերյալ ունի իր հստակ դիրքորոշումը, սակայն չի ցանկանում հրապարակել: Այս մասին նա հայտնեց ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում՝ նշելով, որ Խաչիկյանը պետք է ձերբակալվեր ոչ թե հիմա, այլ այն ժամանակ, երբ եղավ կոռուպցիոն սկանդալը:
«Բացարձակապես չեմ ցանկանում դա մեկնաբանել, հիմնավորել: Ես իմ անձնական հստակ դիրքորոշումն ունեմ այս հարցի վերաբերյալ, բայց Խաչիկյանը պետք է ձերբակալվեր այն ժամանակ, երբ որ այդ խայտառակ կոռուպցիոն սկանդալը պայթեցրեց գրեթե ողջ կենսաթոշակային համակարգը: Տարիներ անց ինչ փոխվեց, և ինչո՞ւ հատկապես հիմա…Ես իմ մասնավոր կարծիքն ունեմ, որը չեմ ցանկանում հրապարակել»,-նշեց Զոհրաբյանը:
Նա կարծում է, որ ձերբակալության մասին պետք է իրենց հիմնավորումը տան իրավական համակարգի ներկայացուցիչները.
«Պետք է մեկնաբանեն նրանք, ովքեր փաստից 2-3 տարի առաջ, երբ կենսաթոշակային հիմնադրամը ուղղակիորեն պայթեց խայտառակ կոռուպցիայից: Դրանից հետո Վազգեն Խաչիկյանը շատ հանգիստ, խաղաղ, ապահով իր համար ապրում էր, շորտիկով խորովածի փառատոններ էր անցկացնում, ընտրություններ էր անցկացնում և այլն: Թե ինչ պատահեց, որ դեպքից մի քանի տարի հետո որոշվեց կալանավորել նրան, դա պետք է հիմնավորի իրավական համակարգը»,-ասաց Զոհրաբյանը:
Հարցին,թե արդյո՞ք սա կարելի է դիտել որպես նախընտրական PR, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ ի վերջո տալով իր մեկնաբանությունը ձերբակալության վերբերյալ.
«Որևէ բան այլևս մեր երկրում ինձ չի կարող զարմացնել: Ես այս ամենը դիտում եմ, այո, նախընտրական սցենարի կոնտեքստում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նյութը՝ Galatv.am-ից