Այն, ինչ տեղի է ունեցել Ֆրանսիայի (թերևս Եվրոպայի) սրտում, սարսափելի է և խստագույնս դատապարտելի։ Սակայն մինչ դատապարտելն ու մեղադրելը, հարկավոր է պատասխանել մի պարզ հարցի, այն է՝ իսկ ինչու՞։ Ոչինչ հենց այնպես չի լինում, ինչպես ասում է հայտնի ասացվածքը՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Խոսքի ազատությունը ժողովրդավար երկրում քաղաքացիական հասարակության կարևորագույն իրավունքներից մեկն է, սակայն այն չի ենթադրում դիմացինին վիրավորելու իրավունք, նրա արժեքների ծաղրում կամ առավել ևս անպատվում։ Այդ արժեքները կարող են լինել տարբեր, ոմանց համար դա ընտանիքն է, ծնողները, երկրի թագուհին կամ դիկտատորը, իսկ մյուսների համար հենց ինքը՝ կրոնը։ Ես ազատ եմ, եթե ինձ ոչ ոք չի նեղացնում, չի նվաստացնում, եթե ես հավասար եմ իմ իրավունքներով և պարտականություններով նույն քաղաքացիների հետ։ Այդ իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել պատասխան քայլերի՝ իր բոլոր հնարավոր ծայրահեղ դրսևորումներով և հետևանքներով։
Մուսուլման հասարակությանը հարկավոր է ընդունել այնպես, ինչպես որ կա՝ իր սովորույթներով և ադաթներով, պետք չէ նրանց արևմտյան մշակույթ քարոզել։ Չէ՞ որ աշխարհը հետաքրքիր է հենց իր բազմազանությամբ։ Իսկ ծայրահեղականներ պետք չէ աճեցնել, քանի որ ինչ ցանում ես, այն էլ հնձում ես։



