Ամանորը ուկրաինացիների համար հերթական սառը ցնցուղը մատուցեց ու հերթական անգամ՝ ոչ «թշնամի մոսկալների» ձեռքով, այլ «բարեկամ» Եվրոպայի։ Եթե հիշում եք, ամիսներ առաջ, երբ Պյոտոր Պորոշենկոն առաջադրվեց որպես նախագահի թեկնածու, նրա երկու հիմնական խոստումներն էին՝ վերջ դնել երկրի Արևելքում ծավալվող քաղաքացիական պատերազմին և 2015-ի հունվարի մեկից հասնել ԵՄ-ի հետ առանց վիզաների հարաբերությունների։
Պորոշենկոն չարեց ոչ մեկը և ոչ էլ մյուսը, բայց սխալ է մեղադրել զուտ Պորոշենկոյին, որովհետև նա և ողջ ուկրաինական իշխանությունները զուտ տեխնիկական ֆիգուրներ են, իսկ երկիրը գտնվում է փաստացի արտաքին կառավարման ներքո, որն իրացվում է տեղային իշխանիկների ձեռքերով։ Սակայն եթե քաղաքացիական պատերազմի շարունակությունը՝ անգամ սառած տեսքով, դեռ կարելի է պայմանավորել Մոսկվայի հակազդեցությամբ, ապա ինչպես և շատ ուկրաինացիների, այնպես էլ ինձ համար, անհասկանալի է, թե ինչպես կարելի է գտնել այլ մեղավոր, քան ԵՄ-ն ու Պորոշենկոյի օլիգարխիկ կլանը՝ առանց վիզաների ռեժիմին չհասնելու համար։
Ու նորից ծագում է արդեն հռետորական դարձած հարցը՝ սրա համա՞ր էին մայդանում մայմունություններ անում, «Ուկրաինա ցէ Եվրոպա» գոռում ու էդքան արյուն թափում։ Կարծում եմ, անգամ ամենամոլի մայդանապաշտները չեն կարող առարկել, որ այն իրավիճակը, որում գտնվում է հիմա Ուկրաինան, շատ ավելի վատ է, քան ցանկացած Յանուկովիչատիպ տականքի իշխանության ներքո։
Այո՛, Յանուկովիչից պետք էր ազատվել, բայց եթե մի վատից ազատվելու գինն էլ ավելի վատին արժանանալն է, ապա սա մազոխիզմ է, ու անգամ ամենամոլի եվրոպամետների մոտ պետք է բացվեն աչքերը, որպեսի վերջապես հասկանան, որ ի դեմս Եվրոպայի ո՛չ Ուկրաինան, ոչ էլ հետխորհրդային և ոչ մի պետություն բարեկամ չունի, ու դա հենց Եվրոպայի ուզելով է այդպես։