Ֆրանիսայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համացանցում կարելի է գտնել բազմաթիվ հոդվածներ, որտեղ հանցագործներին վիրավորում են ամենատարբեր բառերով: Իհարկե, հանցագործները պետք է պատժվեն, դրանում խոսք չկա, բայց եկեք մի քիչ էմոցիաները դնենք մի կողմ, մոռանանք, որ այդ մարդիկ մահմեդական են, ու հարցին նայենք այլ պրիզմայից:

Աշխարհում շատերը սկսել են չհարգել ոչ մի սրբություն, իրենց քրիստոնյա համարող շատ ժողովուրդներ սկսել են անգամ վիրավորել քրիստոնեությանը, քրիստոնեությունից զատ նրանք անցել են մահմեդականներին, բուդիստներին: Իսկ ո՞վ է իրավունք տվել այդ «լիբերալներին» վիրավորել մարդու սուրբ արժեքները, եթե վիրավորում ես, ուրեմն պետք է պատրաստ լինես պատասխան տալուն: Բոլորս էլ գիտենք, որ մահմեդականների համար իրենց կրոնն այս պահին կյանքից էլ վեր է, վերջին դեպքերը, որոնք բողոքի լայն ալիք բարձրացրեցին մահմեդականների կրոնը վիրավորող ֆիլմից հետո, պետք է դաս լինեին բոլորի համար, բայց չէ՝ յուրաքանչյուրը մտածում է, որ ինքը վիրավորելու իրավունք ունի, իրեն պատժողն էլ տկարամիտ ստրուկ է: Այդպես չէ, մադամներ ու պարոններ:

Քրիստոնեական տոներից առաջ ակտիվանում են քրիստոնեությանը վիրավորող որոշ մարդուկներ: Հավատացած եղեք, մի օր հավատացող քրիստոնյայի համբերության բաժակն էլ է լցվելու, ու նման դեպքերում արդեն պատժողները քրիստոնյաներն են լինելու, ու մահմեդականների արածը մեղմ ապտակ է թվալու: Դուք «շատ առաջադեմ եք», վիրավորեք ու ծաղրանկարներ սարքեք ձեր հարազատների նկարներով, մի վիրավորեք ուրիշի հավատքն ու սրբությունները, որ չպատժվեք:

Ցավում եմ 12 զոհերի համար, նրանցից շատերը հաստատ կապ չունեն այդ նկարների հետ, նրանցից շատերը սրտի խորքում հաստատ դեմ են եղել այդ նկարներին, նրանցից շատերը ուղղակի չեն կարողացել արտահայտվեն, որովհետև նրանց կասեին խոսքի ազատության դեմ պայքարողներ ու ետադիմական հայացքի տերեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել