Այո, մենք բազում հայավտանգ ու հայապահպան խնդիրներ ունենք, եղեռն, մշակութային ժառանգության ոչնչացում, ծպտյալ հայեր, հայապահապանություն սփյուռքում, արևմտահայերենի անհետացում, հակահայ քաչոզչություն և այլն և այլն: Ես միայն մի քանիսն եմ թվարկում՝ առանց որևէ առաջնահերթության: Համոզված եմ՝ կարող եք լրացնել ու լրացնել, շտկել ու կարևորել: Որոշ թողտվությամբ մենք դրանք կարող ենք անվանել նույնիսկ ազգային անվտանգության խնդիրներ:
Սակայն համոզված եմ՝ հայության գերխնդիրը երեկ, բայց հատկապես այսօր հայաստանյան քաղաքացու և հայաստանյան քաղաքական ու քաղաքացիական հանրույթի կայացումն է: Միայն քաղաքացին ու նրա ստեղծած քաղաքացիական-քաղաքական հանրույթը կարող են տեր կանգնել մնացած նպատակ-խնդիրներին ու պատասխանել մարտահրավերներին: Առանց այս գերխնդրի լուծման՝ թվարկածներս և թվարկելիներն ուղղակի դատապարտված են անհետացման: Այսօր մենք ենք ընտրում՝ ապրել ու արարել որպես հայ քաղաքացի ու հայ քաղաքական հանրույթ, թե շարունակել քարշ գալ որպես աշխարհասփյուռ ընտանեկան-ազգակցական ու դավանական համայնք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել