2013-ի հոկտեմբերին Ադրբեջանում փոխվեց պաշտպանության նախարարը, 18 տարի պաշտոնավարող Սաֆար Աբիևը, որի թույլ տված բացթողումները, խիստ ռազմատենչ հայտարարությունները, ներքին հակասությունները ՊՆ բարձրաստիճան զինվորականների հետ, ԱՄՆ դեսպանին առնչվող միջադեպը, կոռուպցիայի խիստ բարձր մակարդակն արդեն տարբերակ չէին թողել պաշտոնավարելու, հեռացվեց պաշտոնից՝ իսկույն արժանանալով դեռ որոշ ժամանակ առաջ իրեն գովաբանող իշխանական մեդիա ռեսուրսների քննադատություններին: Փոխարենը, պաշտոնը վստահվեց ներքին զորքերի նախկին հրամանատար, ՆԳ փոխնախարար Զաքիր Հասանովին, ինչն այդքան էլ սպասելի չէր՝ հաշվի առնելով, թե ինչ թեկնածուներ էին քննարկվում մամուլում: Այնուհանդերձ, նման քանակի անձնակազմի հետ աշխատելու, պատերազմում կռվելու փորձ չունեցող գեներալի ընտրությունը ոչ պաշտոնական աղբյուրների մի մասը բացատրում էր իշխանական կլաններից մեկի հետ ունեցած մտերիմ հարաբերությամբ, մյուս մասն էլ իշխանության ձգտմամբ այդ պաշտոնում գեներալների ներքին խժդժություններից հեռու ու կաշառակերության մեծ չափերի սկանդալներում չթաթախված անձի տեսնելուն, որին միևնույն ժամանակ հեշտ կլինի վերևից կառավարել:
Եվ ահա, պաշտոնավարման առաջին ամիսներին պարոն Հասանովը որդեգրել էր тише воды, ниже травы դիրքորոշումը. ի համեմատ նախորդի՝ խուսափում էր հայերի ու Հայաստանի մասին կոշտ որակավորումներից, Արցախյան հակամարտությանն անդրադառնալիս ռազմական ճանապարհով «հողերի ազատագրման» տարբերակը չէր դիտարկում առաջնային, մի խոսքով դիվանագետ էր խաղում: Փոխարենը, կտրուկ կադրային փոփոխություններ էր կատարում՝ պաշտոններից հեռացնելով Աբիևի մտերիմներին կամ էլ այն գեներալներին, ովքեր կարող էին առավել ազդեցություն ունենալ ՊՆ-ում, քան ինքը, և ունեին: Ավելին, Հասանովն ազատվեց ՊՆ մամուլի խոսնակից, ԶՈւ կորուստների մասին մամուլում հայտնված տեղեկությունները սկսեցին նվազել, դրանք որևէ կերպ չէին մեկնաբանվում ՊՆ-ի կողմից, մինչև ամիսներ անց նշանակվեց նոր խոսնակ՝ Վագիֆ Դարգահլըն, որի՝ հեռախոսազանգերին չպատասխանելու և «քաղաքում չլինելու» մասին հեգնական ակնարկներն ադրբեջանական մամուլում արդեն քիչ չեն:
Եվ ահա հունիսին ադրբեջանական կողմը կորցրեց կարևոր դիրքեր Նախիջևանի սահմանին, Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես շտապեց հերքել, իսկ ահա Հասանովն իր ելույթում թերևս անուշադրության հետևանքով անուղղակի կերպով ընդունեց կորուստը: Դրան հաջորդեց օգոստոսյան լարվածությունն առաջնագծում, երբ Ադրբեջանի ՊՆ-ում իսկական քաոս տիրեց՝ Հասանովն արձակուրդում էր, մեկ օրում՝ առնվազն 9 մարտական կորուստ, կայքերն իրար հակասող տեղեկություններ էին տալիս, համացանցում ով ինչ ուզում, հրապարակում էր, և ահա առաջին անգամ հնչեցին Հասանովի հրաժարականի ուղիղ խոսքեր: Եվ դա լիովին տրամաբանական էր, քանզի հայկական կողմից հնչած պաշտոնական ու ոչ պաշտոնական հայտարարություններին ադրբեջանական կողմից փորձում էր հակադարձել հիմնականում Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, մարտական փորձ ունեցող զինվորական, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովը, իսկ Հասանովը տևական ժամանակ լռում էր: Եվ ահա, երբ կրքերը հանդարտվեցին, ադրբեջանական քարոզչամեքենան ձեռնամուխ եղավ Հասանովի իմիջի կերտմանը: Նա սկսեց հանդես գալ առավել ռազմատենչ հայտարարություններով՝ մոլ, արդեն հետ ենք բերում հողերը, այցեր՝ առաջնագիծ, ժամացույցներ էր բաժանում զինծառայողներին, լուսանկարվում էր նրանց ժպտալիս, գրկելիս, նրանց համակ ուշադրությամբ լսելիս, լուսանկարվում էր ազդեցիկ զինվորականների հետ: Մի խոսքով ՝ ստանդարտ սխեմա: Վերջերս էլ ադրբեջանական քարոզչամեքենան հանձն է առել Հասանովի այնպիսի լուսանկարների տարածումը, որտեղ վերջինս փորձում է ամերիկյան գեներալի կերպար ստանալ՝ կոկիկ հագուստ, ինքնավստահ, խրոխտ կեցվածք, սև, փայլուն ակնոցներ, ակտիվ ժեստեր, ժամանակի հետ քայլող զինվորական: Սակայն դրանից իրավիճակը չի փոխվում, քանի որ մինչ օրս Հասանովի ելույթներում ու հարցազրույցներում որևէ կոնկրետ նորություն, նյութ, նյուզ, անգամ՝ քարոզչական նոր թեժ, սուր, հիշվող, հայկական կողմին խոցող արտահայտություններ բացակայում են, առաջնագիծ այցելելիս էլ կամ ելույթ չի ունենում կամ էլ ելույթները չեն լուսաբանվում, ինչը չի կարելի ասել մեր նախարար Սեյրան Օհանյանի մասին, որն իր պարզ կեցվածքով, առանց ավելորդ պաթոսների, առաջնագիծ ցանկացած այցի տևական ելույթ է ունենում, անձամբ պատասխանում է լրագրողների (այդ թվում՝ ընդդիմադիր ռեսուրսների) հարցադրումներին, ավելին՝ իր ելույթներում հստակ պատասխանում է արդի հարցերին, վիճակագրություն, թվեր, հստակ տվյալներ է տալիս, մի քանի քարոզչական թեզեր է գցում դաշտ, որոնք բարեհաջող կերպով հասնում են Ադրբեջան ու հաճախ ունենում սպասված արդյունքը (հիշենք թեկուզ Մինգեչաուրի մասին ասվածը): Իսկ ի՞նչ է անում Հասանովը: Ադրբեջանում մեկը մյուսի հետևից դադարում են գործել այն մեդիա ռեսուրսները, որոնք բանակի արատների մասին էին գրում, իսկ ՊՆ-ի գլխավոր քննադատ և ԶՈւ կորուստների վիճակագրություն ներկայացնող միակ անձը՝ «Դոկտրինա» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին, ընդմիշտ հեռացել է Ադրբեջանից, կենտրոնն էլ ըստ էության չի գործում: ԶՈւ զոհերի ու վիրավորների մասին տվյալները խիստ սակավ են մամուլում, չհաստատված, կցկտուր. օղակը սեղմվում է: Վերջում մնալու են Զաքիրի շինծու լուսանկարներն առաջնագծից, կոռուպացված գեներալները, որոնց մեծ մասը նոր է նշանակվել ու համապատասխան փորձ չունի, և ՊՆ մամուլի ծառայությունը, որն արդեն հազարերորդ պաշտոնական կոչով դիմում է ԶԼՄ-ներին ու օգտատերերին՝ զերծ մնալ բանակը քննադատելուց և «ռազմական գաղտնիք» հանդիսացող տեղեկություններ հրապարակելուց, և իհարկե մարտական ու ոչ մարտական պայմաններում մահացող ադրբեջանցի հասարակ զինծառայողները, որոնց մահվան մասին միգուցե նույնիսկ արդեն ծնողներն էլ չհայտնեն…
Հ.Գ. Շատ գովելի է, որ ՀՀ ՊՆ ու ՊԲ կառույցները չեն շարժվում այս ճանապարհներով, որոնք միանշանակ կործանարար են ու դեպի փակուղի են տանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=827863293947296&set=a.120739747992991.20494.100001708998896&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել