Ինչպես հիշում ենք Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան 17 հասցեում գտնվող բնակելի շենքի բնակիչները դիմել էին պատկան մարմիններին՝ իրենց կողմից դեռևս 1991 թ. զբաղեցրած բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու խնդրանքով:
Այս հարցի վերաբերյալ եղվարդցիները դիմել էին կառավարությանը որոշակի խնդրին որոշակի ընթացք տալու նպատակով: Գործադիրի ղեկավարը Կոտայքի մարզ աշխատանքային այցի ժամանակ, ավելի կոնկրետ օգօստոսի 27-ին անդրադառնալով բնակիչների սեփականության իրավունքի ձեռք բերման խնդրանքին, խոստացել էր, որ այս հարցը կստանա վերջնական լուծում մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Այսօր Երևանյան 17 հասցեում գտնվող բնակելի շենքի 16 ընտանիք ստացել է բնակարանի սեփականության վկայագիր:
Հիշեցնենք, որ շենքը պատկանում էր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդերքաբան» ԲԲԸ-ին:
Հարկ է նշել, որ հոկտեմբերի 16-ին գործադիրն ընդունել էր համապատասխան որոշում և թույլատրել «Ընդերքաբան» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանյան 17 հասցեում գտնվող 120 մլն դրամ շուկայական արժեք ունեցող բնակելի շենքը մասնակի հատուցմամբ 30 մլն 516 հազ. 838 դրամ արժեքով հանձնել պետությանը` ի դեմս ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և անհատույց նվիրել շենքում բնակվող 16 ընտանիքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել